09.03.2018թ․ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանների և իրավաբանների միությունների առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով համաժողովի շրջանակներում փաստաբան Վահե Գրիգորյանի հայտարարությունը Հայաստանյան փաստաբանության անկախության խնդիրների վերաբերյալ
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ես ցանկանում եմ ժամանակի խնայողության և կարևորի վրա կենտրոնանալու հրամայականի բերումով անտեսել և բաց թողնել այսօրվա միջոցառման կազմակերպական որոշ հարցերի և դրանում հատկապես ՓՊ նախագահի անհասկանալի վերաբերմունքի ասպեկտները:
Շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման ընթացքում համակազմակերպիչների հրավիրած փորձագետներին հետաքրքիր և ուսանելի կարծիքներ մեզ հետ կիսելու համար:
Քանի որ միջազգային շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ սա առաջին միջոցառումն է Երևանում, որտեղ հայաստանյան փաստաբանության առջև ծառացած որոշ խնդիրների քննարկմանը մասնակից են դարձվել, ՓՊ նախագահի խոսքով, ընդդիմադիր փաստաբանները (ես կամ իմ որևէ կոլեգա չէ, որ մեզ նման որակում ենք տվել), ապա կցանկանայի հայաստանյան փաստաբանության առջև ծառացած որոշ խնդիրների վրա հրավիրել ներկաների ուշադրությունը:
Մոտ 30 փաստաբաններ արդեն իսկ դիմել են Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (ԵՓԻՄԽ/CCBE)՝ բարձրաձայնելով մի խումբ լրջագույն խնդիրների մասին, ակնկալելով այդ և մի շարք այլ միջազգային մարմինների դիրքորոշումը դրանց լուծման կապակցությամբ:
Մենք մասնավորապես այն դիրքորոշումն ունենք, որ ՀՀ ՓՊ նախագահը և խորհուրդը փաստաբանների մասնագիտական ինքնակառավարման այս ինստիտուտը փաստացի վերածել են Հայաստանի քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանի մասնագիտության նկատմամբ Սահմանադրության և մասնագիտությունը կարգավորող ազգային և միջազգային ստանդարտներին հակառակ վերահսկողություն սահմանելու նպատակով գործիքի:
Այս գործընթացը երևելի է դարձել դեռևս 2014թ. և հետևողականորեն ու նպատակաուղղված քաղաքականության միջոցով այն՝ Ադրբեջանում և Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների մասնակի կամ ամբողջական նմանությամբ իրականացվում է առայսօր:
ՓՊ նախագահի և խորհրդի միջոցով իրականացվող քաղաքական իշխանության նման քաղաքականությունը պատճառ էր հանդիսացել, որպեսզի դեռևս 2015թ. շուրջ 30 փաստաբաններ բողոքով հանդես գային ՓՊ նախագահի և վարչակազմի գործողությունների դեմ՝ պահանջելով դադարեցնել փաստաբանների նկատմամբ ՓՊ նախագահի ղեկավարությամբ և աջակցությամբ վարվող՝ մեր մասնագիտությանն անհարիր անպարկեշտ գործելաոճը, որն ի վերջո հղի է մասնագիտական հեղինակության նկատմամբ անդառնալի վնասով: Որևէ քայլ չէր ձեռնարկվել և որևէ անձ, ըստ էության պատասխանատվության չէր ենթարկվել նման գործելաոճի համար:
2016թ. նույն ցուցակով ընտրված ՀՀ ՓՊ խորհրդի կազմն առավել ևս ամրապնդել է կառավարության ձեռքին «անհնազանդ» փաստաբանների նկատմամբ ՓՊ-ն որպես գործիք օգտագործելու պրակտիկան: Այս կապակցությամբ, փաստաբաններին «լռեցնելու» նպատակով կիրառվող հիմնական «արդյունավետ» միջոց որպես մշտապես օգտագործվել է նրանց դեմ կարգապահական վարույթներ հարուցելը և դրանք ընթացակարգային նվազագույն երաշխիքների խախտումներով իրականացնելը:
Կարգապահական վարույթների իրականացումը հիմնականում կառավարության համար զգայուն քրեական գործերով փաստաբանների կամ ՀՀ ՓՊ ընդդիմախոսների դեմ իրականացվում է որպես կանոն և գերակշռաբար հետևյալ ընթացակարգային նվազագույն իրավունքների խախտումներով.
– Կարգապահական գործեր քննող ՓՊ խորհուրդը հետևողականորեն անտեսում է իր՝ որպես կարգապահական գործերով դատարանի անկախության և անաչառության չափանիշը: ՓՊ խորհրդի կազմում գործերի քննությանը մասնակցում են ՓՊ նախագահից, ինչպես նաև այլ պետական կազմակերպություններից վարչական կամ աշխատանքային կախման մեջ գտնվող կամ հենց պատասխանող փաստաբանի դեմ բողոքը պատրաստելուն մասնակից ՓՊ խորհրդի անդամները.
– Կարգապահական վարույթներ հարուցելիս ՓՊ նախագահը շարունակաբար հրաժարվում է կիրառել որևէ իրավական չափորոշիչ: Քաղաքական իշխանության կամ հենց ՓՊ նախագահին կամ խորհրդին ընդդիմադիր ցանկացած փաստաբանի դեմ ցանկացած բողոք բավարար է ՓՊ նախագահի համար կարգապահական վարույթ հարուցելու համար.
– ՓՊ նախագահը շարունակաբար հրաժարվում է տրամադրել կարգապահական վարույթ հարուցելու կամ դրանց հարուցումը մերժելու մասին իր կայացրած որոշումները՝ դրանցում կիրառված չափորոշիչները հստակեցնելու և որոշակիացնելու համար վերլուծություն կատարելու նպատակով: Մեր կարծիքով, այդ որոշումների չտրամադրման հիմնական պատճառն այն է, որ դրանց վիճակագրությունն ու դրանցում կիրառված չափորոշիչների ուսումնասիրությունը ցույց է տալու, որ կարգապահական վարույթները խտրականորեն հարուցվում են հիմնականում քաղաքական հետաքրքրության գործերով կամ «ընդդիմադիր» փաստաբանների նկատմամբ, մինչդեռ ՓՊ նախագահի և նրա աջակիցների դեմ ներկայացված բողոքներով որևէ վարույթ չի հարուցվում: Կամ այդպիսիք հարուցվում են որպես եզակի օրինակներ՝ հենց այսպիսի քննարկումների ժամանակ դրոշակ դարձնելու համար, որպեսզի ցույց տրվի .
– Փաստաբանների դեմ բողոքներ կազմելուն և ներկայացնելուն անմիջականորեն մասնակից են լինում ՓՊ նախագահը և խորհրդի անդամները, ինչը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում բացահայտել, իսկ բոլոր այն դեպքերում, երբ բացահայտվում է, որևէ պատասխանատվության նշված անդամների նկատմամբ չի հանգեցնում.
– Կարգապահական գործերի վարույթներով նիստերը որոշ դեպքերում տեղի են ունենում փաստաբանների վարքին անվայել և էթիկայի հետ անհամատեղելի պայմաններում՝ ՓՊ խորհրդի որոշ անդամների անհավասարակշիռ և անընդունելի պահվածքի զուգորդմամբ.
– Կարգապահական վարույթների իրականացման ընթացքում կարևորություն չի տրվում փաստաբան-վստահորդ հարաբերությունների գաղտնիության պահպանմանը, իսկ շատ դեպքերում դրան միջամտելու և նրանց հարաբերությունների պաշտպանությունը խախտելու նպատակով գործողություններ կատարվում են հենց ՓՊ նախագահի կամ խորհրդի անդամների կողմից.
– Առայսօր ոչ ՓՊ խորհուրդը, ոչ էլ ՓՊ նախագահը չի հրապարակել կարգապահական վարույթներ հարուցելու չափորոշիչների և սկզբունքների վերաբերյալ պարզաբանումներ: Հաշվի առնելով, որ դրա հետ մեկտեղ այդ վարույթների հարուցման և դրանց մերժման որոշումներն էլ ՓՊ-ն հրաժարվում է տալ, ապա արհեստականորեն իրավական անորոշություն ստեղծելով ՓՊ նախագահը և խորհուրդն ակնհայտ կամայական մեկնաբանություններով են կիրառում փաստաբանների վարքագծի կանոնագրքի կանոնները, ինչն առավել ընդգծվածությամբ դրսևորվում է հենց քաղաքական դատավարություններում պաշտպանների և «ընդդիմադիր» փաստաբանների դեմ գործերով.
– Կարգապահական գործեր քննող ՓՊ խորհրդի որոշ անդամներ նվազագույն գիտելիքների անգամ չեն տիրապետում այն ոլորտում, որի կապակցությամբ քննում են կարգապահական գործեր (չնշած նույնիսկ փորձի իսպառ բացակայությունը): Ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ ձևավորվող կարծիքն այնպիսին է, որ որոշումն արդեն կայացված է, իսկ կարգապահական վարույթը սոսկ ձևականություն է դրա լեգիտիմությունն ապահովելու համար.
– Կարգապահական գործերի քննության ընթացքում երբևէ չի պահպանվում դատական կազմի կայունության սկզբունքը: Պատասխանող փաստաբանները երբեք չեն ծանուցվում, թե ով է մասնակցելու իր գործով կարգապահական վարույթին:
Բացի կարգապահական վարույթների հարուցման միջոցով զգայուն քաղաքական դատավարությունների գործերով փաստաբանների նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց (ինչը չափազանց ծանր բեռ է յուրաքանչյուր փաստաբանի համար իր զբաղվածության հետ մեկտեղ (օրինակ, փաստաբաններից մեկի նկատմամբ հարուցված վարույթներն այս պահին երկու տասնյակից ավելի են), դրանք նաև, ինչպես մասամբ նշվեց վերևում, ՓՊ նախագահի և կառավարության հովանավորությամբ իր վերահսկողության տակ գտնվող ՓՊ աշխատակիցների կողմից իրականացվում են նաև այլ, երբեմն ավելի վտանգավոր ձևերով:
Մասնավորապես, ֆիզիկական բռնության գործադրումը կամ դրա սպառնալիքը սկսել է ճնշման գործիք դառնալ փաստաբանների նկատմամբ: Նույնիսկ նման ակնհայտ բռնությունների զոհ դարձած փաստաբանների կողմից իրավապահ մարմիններին դիմելուց հետո, ՓՊ նախագահը և վարչակազմի մեծ մասն իրենց աջակցությունն են ապահովում հրապարակայնորեն փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ: Ավելին, կոնկրետ այդ միջադեպով, փաստաբանի գրասենյակի վրա հարձակումն իրականացվել է փաստաբանների դպրոցի տնօրենի, ՓՊ նախագահի խորհրդականի և ՓՊ այլ աշխատակցի կողմից:
Նրանք բոլորը շարունակել են պաշտոնավարել և առայսօր պաշտոնավարում են իրենց պաշտոններում, ինչը հրապարակայնորեն նրանց գործունեությունը խրախուսելու քայլ է ՓՊ նախագահի կողմից: Նման հարձակումներից հետո ոչ միայն հարձակման ենթարկված փաստաբաններն ի վիճակի չեն լինում պաշտպանել իրենց իրավունքները քրեական արդարադատության միջոցով, այլ հենց իրենք են հավասարապես մեղադրվում՝ դրանով նրանց վրա իշխանությունների կողմից ճնշում գործադրելով, որպեսզի հրաժարվեն իրենց բողոքներից.
Փաստաբաններին հրապարակային վիրավորելու և նրանց դեմ արշավներ իրականացնելու գործելաոճը նույնպես շարունակում է մնալ փաստաբանների պալատի զինանոցում, որին ՓՊ նախագահը դիմում է շատ անգամ ՓՊ աշխատակազմում աշխատանքի ընդունած իր ազգականների միջոցով փաստաբանների հասցեին վիրավորանք հասցնելու ձևով:
Առանձնահատուկ կարևորության հարց է այն, որ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների ընթացքում փաստաբանի վարքագծի կարգավորման վերաբերյալ միջազգային և ներպետական ստանդարտների բացարձակ անտեսումը ՓՊ կողմից պրակտիկա դառնալուց հետո, այն նմանապես կիրառվում է նաև դատարանների կողմից: Մենք համոզված ենք, որ այս հարցում իշխանությունները դատարաններին ունեն տրված հստակ հանձնարարականներ՝ ՓՊ խորհրդի կողմից «անցանկալի» փաստաբանների դեմ կայացված որոշումները անփոփոխ թողնելու վերաբերյալ:
Այս ամենը փաստված է կոնկրետ գործերով և այդ գործերով կայացված որոշումներով: Ամբողջական ուսումնասիրությունը կատարելուն և ավարտելուն ամենագործուն կերպով խոչընդոտում է ՓՊ-ն՝ թաքցնելով հանրային կարևորություն ներկայացնող տեղեկատվությունը:
Այս ամենն ասելով, ես նկատի չունեմ, որ այս ամենն ամբողջությամբ կազմակերպվում կամ իրականացվում է փաստաբանների պալատի նախագահի կամ խորհրդի որոշ անդամների որոշմամբ: Ես առհասարակ հեռու եմ այն մտքից, որ ՓՊ բարձրաստիճան պաշտոնյաները նման քաղաքականության ընտրության հայեցողությամբ են օժտված: Սա ամենայն հավանականությամբ արդեն իսկ գործադիր իշխանության նախորոշած քաղաքականության շրջանակներում նրանց հայեցողության նեղ լուսանցքի դրսևորումն է: Այլ խոսքով՝ իրենք չեն կայացնում այդ որոշումները: Միակ որոշումը, որ նրանք կայացրել են, գործադիր իշխանության, քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանության վերահսկման գործիք դառնալու որոշումն է: Մնացյալն արդեն տոտալիտարիզմի զարգացման բնական օրինաչափությունների շրջանակում տեղի ունեցող գործընթացներ են՝ կանխատեսելի հետևանքներով:
Ցանկացած վիճակագրություն ՓՊ գործունեության հետ կապված Հյուսիսային Կորեան հիշեցնող պատկերներ է ստեղծում:
Այս և որոշ այլ խնդիրների կարևորությունը բարձրաձայնված է եղել նաև մեր օտարերկրյա կոլեգաների կողմից դեռևս Civic Solidarity Platform (CSP)-ի կազմում մտնող մոտ 20 պետություններից 39 իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք իրենց հայտարարության մեջ հատկապես շեշտադրել էին փաստաբանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ՓՊ գործելաոճի կապակցությամբ իրենց մտահոգությունը:
Այս խնդիրներն իրական վտանգի տակ են դրել փաստաբանի մասնագիտությունը Հայաստանում և դրանց լուծումը միջազգային և ազգային մակարդակում օրվա հրամայականն է:
Միջազգային մակարդակով հայաստանյան, ինչպես նաև տարածաշրջանային մասշտաբով այս խնդիրների լուծման ճանապարհը մեր պատկերացմամբ փաստաբանական մասնագիտության մասին եվրոպական կոնվենցիայի ընդունման աշխատանքներին ակտիվ մասնակցության միջոցով այդ հրաշալի և մի փոքր ուշացված գաղափարը կյանքի կոչելն է:
Մենք այս կապակցությամբ ողջունում ենք ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի կոմիտեի և CCBE-ի ջանքերը այս կոնվենցիայի գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ: Այս կապակցությամբ զեկուցողը հատուկ ուշադրության էր արժանացրել Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ռուսաստանում փաստաբանների նկատմամբ իրականացվող հետապնդումների և բռնությունների մթնոլորտը:
Հայաստանում փաստաբանական մասնագիտության հետ կապված իրավիճակի խնդիրները, որոնք հավաքվել և ներկայացվել էին համապատասխան զեկուցողին CCBE-ի կողմից, նույնպես հիմք են հանդիսացել նման գաղափարի առաջարկի համար:
Եվ մենք կարծում ենք, որ այս կոնվենցիայի մշակման և կյանքի կոչման նպատակների համար Հայաստանի փաստաբանների պալատում տիրող իրավիճակի մանրամասն քննության և ուսումնասիրության նպատակը պետք է լինի այն իրողության ճանաչումը, որ փաստաբանական մասնագիտության և փաստաբանի մասնագիտական ազատությունների նկատմամբ ապօրինի միջամտությունները և հետապնդումները դատապարտելի պետք է լինեն և կոնվենցիայով ամրագրվեն ոչ միայն պետական իշխանության մարմինների կողմից նման հետապնդումների և միջամտությունների կանխման, այլև հենց և հավասարապես նաև այսպես կոչված ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից միջամտության դեպքում:
Այս վերջին դեպքում, այսինքն՝ ինքնակարգավորվող մարմինների միջամտության դեպքում հայաստանյան փորձը դասական, ես կասեի այն դասագրքային տարբերակն է, որտեղ ակնհայտորեն երևում է, որ նման մարմինների միջամտությունը մասնագիտության համար կարող է լինել մի կողմից և ավելի վտանգավոր մասնագիտության անկախության և ազատության համար, իսկ մյուս կողմից ավելի նախընտրելի տոտալիտար կամ նման հակում ունեցող պետություններում, քանի որ առաջին հայացքից պետությունը իբր չի միջամտում մասնագիտական ազատություններին, մինչդեռ պետական իշխանությունը դա անում է հենց ինքնակարգավորվող կազմակերպության միջոցով՝ իր համար հենց այդ արդարացման ապահովման նպատակով:
Եվս մեկ ասպեկտ, որի վրա կցանկանայի հրավիրել մեր հյուրերի և համակազմակերպիչների ուշադրությունը և այսքանով սահմանափակվել։
Փաստաբանների պալատը հիմնադրելիս մենք միամտաբար կարծում էինք, որ միասնական կազմակերպությունը կամ կազմակերպության մենաշնորհը անառարկելիորեն նպաստելու է փաստաբանության ներուժի համախմբմամբ մասնագիտության անկախության և ազատության պաշտպանությանը: Պետք է խոստովանեմ, որ մենք շատ միամիտ էինք մեր այս մտադրության մեջ՝ հնարավոր համարելով, որ տոտալիտար հակումներ ունեցող պետությունում դեռևս 2005թ., իսկ այսօր արդեն գրեթե հաստատված մակարդակով ավտորիտար պետությունում, հնարավոր էր մեկ առանձին վերցրած կազմակերպությունում հույս ունենալ, թե մարդկանց ժողովրդավարական ինստինկտները, սնուցված մեր մասնագիտության ազատության ոգով կարող են պահպանել մասնագիտության ազատությունը ժողովրդավարական սկզբունքների շրջանակում: Ցավով պետք է խոստովանենք, որ փաստաբանական կազմակերպության մենաշնորհը ջատագովելով և ամենայն հնարավորությամբ դրա իրագործմանը նպաստելով մենք ավտորիտար իշխանության ձեռքին մեզ՝ ամենաազատ մասնագիտության կրողներիս դրեցինք անելանելի ծուղակի մեջ: Այդ մոնոպոլ կազմակերպությանը տալով այնպիսի հզոր իշխանական լծակներ, ինչպիսին էթիկայի հարցերի կարգավորումը, փաստաբանների կրթությունը և լիցենզավորումն են՝ մենք հանգեցինք մի իրավիճակի, երբ օրվա քաղաքական իշխանությանը բավական էր իր գրպանը դնել այդ կազմակերպության ղեկավարությանը, որպեսզի հզոր վերահսկողական լծակ ունենար ողջ մասնագիտությանը նկատմամբ: Ապացույցը՝ Հյուսիսային Կորեայի ցուցանիշներով անցկացվող միջոցառումները:
Մեր մոլորության հիմնական պատճառը եղել է նման մոդելի հաջողությունն այլ, ավելի ամուր արդարադատության ավանդույթներ ունեցող պետություններում: Սակայն մենք անտեսել էինք, որ այդ մոդելի արդյունավետությունը մեծամասամբ պայմանավորված է առաջին հերթին այն միջավայրի բնույթով, որում այն գործում է, այլ ոչ՝ ինքն իրենով:
Եվ հակառակը՝ այն տարբերակը, որ պակաս նախընտրելի կարող էր դիտվել գործուն ժողովրդավարական հասարակություններում և միջավայրերում, ամենաշատ պաշտպանությունը նախատեսողը կարող է լինել, կամ առնվազն ավելի դժվար վերահսկելին՝ պետական իշխանության կողմից: Սա այն մոդելն է, երբ կազմակերպությունը, կրկնում եմ, կազմակերպությունը չունի մենաշնորհ մասնագիտության նկատմամբ: Ավելին, մենաշնորհի բացակայության փաստով փաստաբանական ինքնակազմակերպվող կազմակերպությունների միջև մրցակցությունն է, որ ապահովելու է փաստաբանի մասնագիտության ազատության պաշտպանության ապահովման լավագույն միջավայրը, իսկ պետական իշխանությունը բախվելու է երկու կամ ավելի ինքնակազմակերպվող փաստաբանական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհնարինության կամ առնվազն լուրջ դժվարությունների առջև: Ահա պետական իշխանության համար այս անհնարինությունը կամ դժվարություններն են, որ ապահովում են մեր մասնագիտության ազատության համար անհրաժեշտ թթվածինն այն միջավայրում, որն ամբողջովին բանտված է տոտալիտարիզմի և դրա համար հիմք ծառայող ռեգրեսիվ գաղափարների բանտում:
Եվ որևէ փաստաբան, որն իրապես իր ազնիվ մասնագիտության ազատությունը գերադասում է ստրկամիտ կոնֆորմիզմի նյութական բարիքներից պարտադրված չի լինի և չպետք է մաս կազմի մի կազմակերպության, որի բարձրագույն պաշտոնատար անձանց մի մասը հանդիսանում են իր հասարակությունում ռեգրեսիվ (այլ ոչ՝ պահպանողական, նկատեք) գաղափարների և քարոզչության աղբյուր (ընդհուպ մինչև պոպուլիստական նկատառումներով բացահայտ հոմոֆոբիկ և ատելության խոսք քարոզող), իսկ նրանց կայացրած որոշումները և հրապարակած կարծիքները լինեն դատավորների, փաստաբանների, դատախազների, քննիչների և լրագրողների իրավացի ծաղրի առարկա:
Ցանկանում եմ մատնանշել, որ այս պահին արդարադատության նախարարությունը բավականին ոչ թափանցիկ ձևով իրականացնում է փաստաբանության մասին օրենքի փոփոխությունների, կամ որ ավելի ճիշտ է՝ փաստաբանության մասին նոր օրենքի մշակման աշխատանքները: Եվ ես չեմ զարմանում, որ այդ հարցում ՓՊ-ին որևէ էական դերակատարություն վերապահված չի:
Մեր գաղափարների կյանքի կոչման ճանապարհին մենք բազում քաջալերանքի և համագործակցության առաջարկության խոսքեր ենք լսել նաև օտարերկրյա մի շարք փաստաբանական կազմակերպություններից, որոնք դեռ լռությամբ, բայց համակ ուշադրությամբ հետևում են հայաստանյան փաստաբանության հետ տեղի ունեցող պատմություններին:
Մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս նախագծի քննարկումների և փորձագիտական ուսումնասիրության աշխատանքներին, որքանով որ դա իրական կարող է լինել արդարադատության նախարարության և ՓՊ-ի հարուցած խոչընդոտների պայմաններում: Մեր տեսակետերը քննարկման առարկա դարձնելու և դրանք հաշվի առնելու ուղղությամբ մենք ակնկալում ենք նաև համակազմակերպիչների աջակցությունն իրենց մանդատի շրջանակներում:
Այս մոտեցումները քննարկվել և համաձայնեցվել են մոտ 30 փաստաբանի հետ, որոնք տարիքային ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ են, ոմանք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում և հատկապես իրենց մասնագիտական ազատությունների և վստահորդների շահերի պաշտպանության համար անցել են երկարատև տարիների քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների, բանտարկությունների, տարիներ շարունակ գաղտնալսումների և իրենց հիմնարար այլ իրավունքների շարունակական խախտումների միջոցով:
Եվ նրանք, այսինքն՝ մենք, մեր ծայրահեղ տարբեր քաղաքական և սոցիալական հայացքների, նախասիրությունների պայմաններում, միաբան ենք այն հարցում, որ փաստաբանական մասնագիտությունը վտանգված է Հայաստանում և որ դրա լուծման հապաղումը հղի է իրավիճակի այնպիսի սրացմամբ, ինչպիսին է ներկայումս իրավիճակը Ադրբեջանում և Թուրքիայում, եթե իհարկե մենք արդեն չենք հասել այդ իրավիճակին:
Սույն հայտարարությանը միացած փաստաբաններն են՝
Վահե Գրիգորյան
Տիգրան Աթանեսյան
Ծովինար Բալայան
Գրիշա Բալասանյան
Քրիստինա Բեյբության
Անի Գինոսյան
Մարգարիտա Գյուլումյան
Դավիթ Գյուրջյան
Էլինա Գյուրջյան
Արթուր Գրիգորյան
Դիանա Գրիգորյան
Սերգեյ Գրիգորյան
Քրիստինա Գևորկյան
Տիգրան Եգորյան
Վահե Եփրիկյան
Շուշան Թադևոսյան
Մարո Խաչատուրյան
Նինա Կարապետյանց
Արամազդ Կիվիրյան
Արգիշտի Կիվիրյան
Հեղինե Կիվիրյան
Մարատ Կոստանյան
Լուսինե Հակոբյան
Լուսինե Մարտիրոսյան
Հենրիկ Մարտիրոսյան
Գեորգի Մելիքյան
Կարեն Մկրտչյան
Մարիամ Մկրտչյան
Մուշեղ Շուշանյան
Հովհաննես Չամսարյան
Արայիկ Պապիկյան
Լուսինե Սահակյան
Նաիրա Սահակյան
Անահիտ Սաղաթելյան
Ալլա Սարգսյան
Կիմա Սարյան
Արմեն Սողոմոնյան
Փիրուզա Վարդանյան
Երվանդ Վարոսյան
Հասմիկ Պետրոսյան
Հրաչ Քոչարյան