2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից կատարված բռնություններից հետո անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մինչ օրս հանրությանը հայտնի չեն մեղադրյալներ ներգրավվելու որոշումների մասին:
Փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ տեղի ունեցած բռնությունները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Բացի այդ՝ ժողովրդավարության հիմնասյուն հանդիսացող խոսքի ազատության նկատմամբ բռնությունները, որոնք Երևանի քաղաքապետարանում դարձել են ակնառու երևույթ՝ սկսած փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստից, նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով Հոդված 164՝ Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, նույնպես վկայությունն են անպատժելիության խրախուսման:
Բարոյական տեսանկյունից՝ անպատժելիության մթնոլորտը խրախուսվում է նաև շարունակական անբարո վարքագիծ դրսևորող ապօրինի իշխանության վերնախավում գտնվող անձանց կողմից, որոնք մարտի 8-ի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ սփռեցին և ծաղիկներ բաժանեցին, սակայն ներողություն չխնդրեցին հանրությունից՝ փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ գործադրած բռնությունների համար:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն