Search
Close this search box.

ԱԱԾ-ն` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

«ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» անցման կետում սահմանային վերահսկողության գործառույթի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով նշված անցման կետից ՌԴ սահմանապահների դուրս գալուն զուգահեռ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու ուղղությամբ»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ ԱԱԾ-ից հայտնել են, որ սահմանապահ զորքերն անհրաժեշտ կադրերով համալրելու գործընթացը պարբերական բնույթ ունի:
Հարցին, թե արդյո՞ք արձակուրդային սեզոնին ՌԴ սահմանապահների դուրսբերումը չի հանգեցնի օդանավակայանում հերթերի, գերատեսչությունից պատասխանել են, որ կուտակումները սովորաբար լինում են միաժամանակ մեծ թվով չվերթների առկայության դեպքում:
«Ընդ որում, նման իրավիճակներ հաճախ են եղել ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում»,- ասել են ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին հայտնի դարձավ մայիսի 9-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ-ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։

Please enter a valid URL