Search
Close this search box.

Արցախում շրջափակման ժամանակ երկու երեխաներին կորցրած կնոջը թույլ չեն տալիս 8-ամյա դստեր հետ ապրել

«Երեք երեխաներս գլխումս անընդհատ աղմկում են, մամա են կանչում». — Վերա Նարիմանյանի երեխաներից երկուսը մահացան, մեկը հեռու Կապանում է՝ մանկատանը:

«Մամա, մամա… ես դրա համար չեմ էլ կարում քնեմ: Էն օրը երազիս Զիտան ա եկել՝ «մամա, արի ինձի տար», — «Ազատության»-ն ասել է արցախցի կինը:

Արցախի շրջափակման 7-րդ ամսում Վերայի երկու փոքրիկները՝ 3-ամյա Լեոն ու 6-ամյա Գիտան ոտքով Աղաբեկալանջի իրենց տնից հասան Մարտակերտ, մտան մի մեքենայի մեջ, քնեցին ու ըստ իրավապահների խեղդվեցին հուլիսյան շոգից։ Խանութներում ոչինչ չկար, մայրը գնացել էր սնունդ ստանալու՝ Լեոն, ասում է, քաղցր թեյ էր սիրում. — «Ոչ ձեթ կա, ոչ պեսոկ [շաքարավազ՝ ռուսերեն] կա, ոչ մի բան, ուտելի վաբշե չկա, խոխան ոնց պհեի՞»:

Վառելիք էլ չկար, փոքրիկներին ամայի փողոցներում տեսնող չէր եղել:

«Մինչև հիմա ես իմ խելքս էլ չեմ գլուխս հավաքում: Ես եմ մենակ բացել ու տեսել: Աստված ոչ անի՝ մեկը էդ ցավը տեսնա», — շարունակում է կինը:

Սա բլոկադայի ամենաողբերգական պատմությունն էր, որ Հայաստանի արտգործնախարարը նաև ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի ամբիոն հասցրեց. — «3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացան Մարտակերտում, քանի որ նրանց մայրը ստիպված էր թողնել նրանց և ոտքով գնալ հարևան քաղաք՝ նրանց համար սնունդ հայթայթելու հույսով»:

Երկու երեխաներին կորցրած Վերան մեկ տարի անց Արարատի Արալեզ գյուղում եղբոր ընտանիքի հետ վարձով է ապրում՝ միակ աղջկան՝ 8-ամյա Զիտային վերադարձնելու ցավով. — «Իմը Զիտան ա մնացել: Եթե Զիտան էլ որ պիտի իրանք տան մարդու, ես էլ՝ ապրելու հույս չկա… »:

Մայրը պատմում է՝ ողբերգությունից հետո Մարտակերտի վարչակազմից առաջարկել են 8-ամյա Զիտային Ստեփանակերտ՝ խնամքի կենտրոն տանել, մինչև ինքը ուշքի գա, Արցախում էլ արդեն սով էր։ Տեղահանման ժամանակ՝ նախորդ տարվա սեպտեմբերին, աղջիկը հաստատության մյուս երեխաների հետ Կապան է տեղափոխվել, մայրը՝ Վեդիի տարածաշրջան։ Անցած շաբաթ է այցելել դստերը:

«Կարուսել էր ուզել, սրճարան էր ուզել, չթողեցին. իրավունք չկա, ասում ա, որ ստեղ էրեխուն հանեք դուրս», — պատմում է Վերան:

Վերջերս Կապանի խնամքի կենտրոնից զանգ է ստացել, որ հնարավոր է՝ երեխային խնամատար ընտանիք տեղափոխեն. — «Բայց ես իմ էրեխուն ոչ մեկին չեմ հանձնելու, իմ էրեխան պիտի իմ մոտ լնի, ես ոչ մեկին էրեխա չեմ տալու: Թեկուզ պետությունն էլ որոշի, պետությունը գիտի՝ ես ինչի համար եմ էրեխուն տարել ընդեղ հասցրել»:

Վերան ենթադրում է՝ իրեն չեն ասել, տան պայմաններն են պատճառը, որ իր միակ երեխային թույլ չեն տալիս իր հետ ապրել։ Վեդիի համայնքապետարանի խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովից են եկել, տեսել։ Կինը չգիտի, թե ինչ են գրել իրենց թղթերում, ինչ եզրակացությամբ են հեռացել։ Ասում է՝ պետության տված ամսական 50 հազարով այս տունը կարող էր վարձել. — «Ես հիմի ո՞րդուց տանեմ 200 հազար փող տամ՝ տան վարձ: Մի հատ թող իրանք էլ լի մտածեն՝ ո՞րդուց տանեմ ես տան վարձ տամ: Թեկուզ աշխատեմ էլ պետական՝ ամիսը շատ շատ ստանամ 100 հազար, բա 200 հազա՞րը ես որդուց տամ»:

Եղբոր ընտանիքի հետ է ապրում, իր ննջարանը կիսում նրա երեխաների հետ։ Պնդում է՝ տանը բոլորն են սպասում աղջկան, տեղ կա, սեր կա նրա համար։

Շարունակությունը՝ սկբզնաղբյուր կայքում

Please enter a valid URL