Search
Close this search box.

«Հրապարակ». Պատգամավորներին պարտադրել են մասնակցել կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորմանը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել, որ ՔՊ-ական պատգամավորները կտրվել են ժողովրդից, իրականությունից, ուստի վարչությունը որոշում է ընդունել, որ պատգամավորները պարտադիր պետք է մասնակցեն կուսակցության տարածքային կազմակերպության խորհուրդների ձեւավորմանը, պետք է պարտադիր թեկնածություն առաջադրեն: Իսկ կընտրվեն, թե ոչ` դա էլ կլինի նրանց աշխատանքի գնահատականը:

Բանն այն է, որ լրանում է կուսակցության կանոնադրությամբ առաջադրված տարածքային խորհուրդների երկամյա ժամկետը, եւ մինչեւ աշուն պետք է նոր խորհուրդներ ձեւավորվեն: Այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են, երեկ Շենգավիթում է ՔՊ-ն նորացվել, եւ փակ ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում, ի թիվս այլոց, ընտրվել են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հռիփսիմե Հունանյանը:

Ի դեպ, թեկնածուների մեջ է եղել նաեւ Հայկ Ցիրունյանը, ում չեն ընտրել։ Նշենք, որ, չնայած արձակուրդում գտնվելու փաստին, ընտրություններին անձամբ Փաշինյանն էլ է մասնակցել՝ կարեւորելով տեղերում խրամատավորման եւ առաջիկա ընտրություններին պայքարի հարցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL