Search
Close this search box.

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն դիմել է աշխարհի հայերին

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առաջարկում է ամբողջ աշխարհի հայերի համախմբվել և մեդիա արշավ սկսել Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ։ Նա այս մասին բաց նամակ է գրել ու հրապարկել X-ի իր էջում։

Նա առաջարկել է մեդիա արշավի ժամանակ օգտագործել #COP29 և #StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգերը։

«Այս հեշթեգների օգտագործմամբ սոցիալական մեդիայի ամենօրյա գրառումները թափ կհավաքեն, կներգրավեն այլ համայնքներ և կգրավեն հիմնական լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը կստիպեն COP29–ին մասնակցող լրագրողներին, պատվիրակներին և ոչ կառավարական կազմակերպություններին Ադրբեջանից ստանալ պատասխաններ հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ»,– իր բաց նամակում գրել է Օկամպոն։

Նա նաև իր աջակցությունն է հայտնել այն քաղաքացիական շարժումներին, որոնք մարտահրավեր են նետում համաժողովին։ Օկամպոն վստահ է, որ համախմբելով համաշխարհային հանրությանը՝ հայերը կարող են հասնել նրան, որ COP29–ում քննարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության խնդիրները, այլև մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը:

Հայտնել ենք, որ ս.թ. նոյեմբերին Բաքվում նախատեսված է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության (COP) 29-րդ համաժողովը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` համաժողովը պետք է հյուրընկալեր Հայաստանը։ Բայց 2023թ–ի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը հայտարարություն հրապարակեցին, որտեղ ասվում էր, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջում է Բաքվին։ Նույն պայմանավորվածության համաձայն` Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին` ադրբեջանցի 2 սահմանախախտների, որոնցից մեկը մեղադրվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։

Please enter a valid URL