Search
Close this search box.

Ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել առաջիկա կես տարում․ Պեսկով

Կրեմլում այնքան էլ զարմացած չեն եղել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկեղծ ասած, վերջին տարիներին ԱՄՆ-ում տեղի ունեցածը մեզ սովորեցրել է ոչնչի վրա չզարմանալ։ Այդ պատճառով մենք շատ չզարմացանք», — ասել Է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլում շատ ուշադիր հետեւում են ԱՄՆ-ում իրադարձությունների զարգացմանը:

«Դա միանգամայն հասկանալի է, բայց, ըստ էության, այնպես, ինչպես հետևում ենք զարգացման ընթացքն աշխարհի մյուս բոլոր խոշոր երկրներում: Այս ամենը մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում, և, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է աշխարհում»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Պեսկովը հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Բայդենի՝ ընտրություններից դուրս գալու որոշումը:

«Առաջին հերթին խոսքը ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավի մասին է։ Եվ ողջ ըմբռնումով հանդերձ, որ խոսքը գնում է աշխարհի խոշորագույն երկրներից մեկի ընտրարշավի մասին, այնուամենայնիվ, դա մեր ներքին գործը չէ։ Սա չի կարող լինել մեր օրակարգի առաջնային թեման։ Եվ իհարկե, մենք չենք, որ գնահատական տանք ԱՄՆ գործող նախագահի և նախագահի թեկնածուի որոշումներին։ Այս թեման, ամենայն հավանականությամբ, պետք է մտահոգի ամերիկացի ընտրողներին, բայց ոչ մեզ», – ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար «շատ կարևոր է ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան, որոնք այժմ ապրում են իրենց պատմության ամենավատ շրջանը»:

«Բայց, այնուամենայնիվ, մեզ համար գլխավորը մեր հոգսերն են, մեր ձեռքբերումներն են, մեր խնդիրները, և գլխավորը, իհարկե, հատուկ ռազմական գործողությունն է և այն նպատակների իրագործումը, որոնք դրված են եղել», – հայտարարել Է Պեսկովը:

Պեսկովը հայտարարել է, որ ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել առաջիկա կես տարում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Կրեմլում ԱՄՆ ընտրություններից առաջ.
«Ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել՝ դատելով այն տրամադրությունից, որը գերիշխում է ԱՄՆ քաղաքական վերնախավում: ԱՄՆ-ն այսպես թե այնպես կշարունակի օգնել Ուկրաինային։ Դա ակնհայտ է։ Փորձելով, իհարկե, ավելի ֆինանսապես ծանրաբեռնել իր եվրոպացի ենթականերին։ Այս միտումը նույնպես լավ նկատելի է։ Օգնությունը, իհարկե, կշարունակվի։ Դա, ի դեպ, չի նպաստում Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորմանը։ Ընդհակառակը, դա հանգեցնում է այդ գործի ձգձգմանը», – նշել Է Կրեմլի ներկայացուցիչը։

Please enter a valid URL