Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ըստ քաղաքացիների՝ ոստիկшնшպետն է կրшկшհերթ արձшկել»․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը «ԱրմԼուր»-ին ուշագրավ մանրամասներ է հայտնել ոստիկանության պաշտոնյաների միջադեպի գործով։ Ըստ փաստաբանի` ամեն ինչ գլխիվայր է շրջվել։

Հայտնել էինք, որ երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Իրավապահները ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։ Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին։

Լրատվակը փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ զրուցել է միջադեպի մասին, նա միանգամայն այլ իրականություն ներկայացրել։

«Ես այս պահին դեռևս ներկայացնում եմ մեկ անձի շահեր, որը միջադեպին ներկա է եղել և ծեծի է ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժնի պետի կողմից։ Ըստ քաղաքացիների հայտնած հանգամանքների` ոստիկանության պաշտոնյաները` առանց համազգեստի, 4-5 ավտոմեքենաներով եկել մոտեցել են քաղաքացիներին, ինչ-որ ահազանգ ունենալով դեպքի կապակցությամբ, իբրև թե վիճաբանության նախապատրաստության մասին։ Կրկնում եմ` ոստիկանության տարբեր աշխատակիցներ` առանց համազգեստի, հարձակվել են քաղաքացիների վրա։

Մասնավորապես, սկսել են այդ ընթացքում նաև ծեծի ենթարկել, ավտոմատ հրազեն են գործադրել քաղաքացիների վրա։ Ըստ քաղաքացիների՝ ոստիկանապետն է կրակահերթ արձակել` առանց ներկայանալու ու առանց ներկայացնելու` իրենք ովքեր են, և քաղաքացիների մեջ տպավորություն է եղել, թե ինչ-որ խմբավորման կողմից հարձակման են ենթարկվում։

Ակնհայտորեն, վիճաբանության ժամանակ ոստիկանների կողմից դաժան ու բիրտ ծեծի են ենթարկվել քաղաքացիները, սակայն, սովորույթի համաձայն, բերման են ենթարկել քաղաքացիներին ու արդյունքում քրեական վարույթը նախաձեռնել են քաղաքացիների նկատմամբ ու նրանց են թիրախավորել։ Այսինքն` իրավիճակը միանգամայն այլ կերպ է ներակայացվել»։

Ըստ փաստաբանի` ոստիկանությունը, եթե անգամ օպերատիվ տեղեկություններ էր ստացել, պարտավոր էր ներկայանալ որպես ոստիկանություն` և համապատասխան գործողություններ իրականացներ ու բերման ենթարկեր, ոստիկանությունը իրավասու չէր` գնար, ծեծի ենթարկեր, հրազեն գործադրեր անզեն քաղաքացիների նկատմամբ, որոնց մոտ ոչ մի զենք չի եղել, նույնիսկ փայտ չի եղել։

«Ավելին` այն կարծիքին եմ, որ գործի քննությունը չպետք է իրականացվի տարածքային մարմնում, քանի որ քննչական կոմիտեն ու ոստիկանությունը նույն շենքում են, պետք է կենտրոնական ստորաբաժանումները քննեն»։

Մեր այն հարցին, թե, ըստ լուրերի, ոստիկանության Աբովյանի բաժնի պետին 20 մետր մեքենայով քաղաքացիները քարշ են տվել, ի պատասխան` Ասլանյանը ասաց. «Նման բան չի եղել, հակառակը` անգամ դիմումներ են ներակայացվել նախաքննական մարմնին, որ ներկա անձանցից մեկին` 2-րդ կարգի հաշմանդամին, հարվածել է երկու անգամ` մեկ անգամ բռունցքով, իսկ մյուսը ավտոմատի խզակոթով։

Ամեն ինչ գլխիվայր է շրջվել ու ոստիկանության անօրինականությունները մեկնաբանվում են հօգուտ ոստիկանության, հետևաբար պետք է անաչառ քննություն իրականացվի»։

 

Please enter a valid URL