Search
Close this search box.

Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թnւնավորման մասին

Նախաքննական մարմինն առաժմ չի պարզել ողբերգական ելքով Սյունիքում գրանցված թունավորման պատճառը, հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 հոգանոց ընտանիք՝ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն, որտեղ 4-ամյա Լուիզան, գիտակցության չգալով, մահացել է։

Հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ դեպքի առթիվ ՀՀ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ամուսինները հարցաքննվել են՝ տալով նույնաբովանդակ ցուցմունք։ Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ընտանիքի բոլոր անդամներով ուտելուց հետո, երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել:

Անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն ընտանիքի թունավորման պատճառը դեռ հայտնի չէ։ ՍԱՏՄ-ն հայտարարեց, թե ընտանիքի կողմից խանութից գնված ռուսական արտադրության սառեցված հավի սրունքում, հավի մսով կոտլետում հայտնաբերվել են մանրէներ, բայց թե դրանք օրգանական ինչ առնչություն ունեն թունավորման հետ, եւ ընդհանրապես ունեն, թե ոչ, պարզ չէ։

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակը «Փաստինֆո»-ի հարցերին ի պատասխան հայտնել է, որ որոշակի տվյալներ արդեն քննչական մարմինը պարզել է , սակայն չեն շտապում եզրակացության մասին տեղեկատվություն տարածել, քանի որ դեռևս նախատեսվում են քննչական գործողություններ։ Ամբողջական լրատվություն կհաղորդվի, երբ եզրակացությունը կլինի ամբողջությամբ վերլուծված, չեն մնա կասկածելի հարցեր։

Please enter a valid URL