Search
Close this search box.

ՀՀ–ն հավատարիմ մնաց ժողովրդավարությանը` չնայած մարտահրավերներին. Արարատ Միրզոյան

Անկախ բոլոր մարտահրավերներից` Հայաստանը հավատարիմ է մնում կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ–ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

«Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների հետևանքով շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին: Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը»,– ասել է նա։

Արտգործնախարարն իր ելույթում նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է պաշտպանել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը:

Միրզոյանի խոսքով` մարդը կենտրոնական դեր է խաղում ՀՀ կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում։

Հիշեցնենք` Միրզոյանը ԱՄՆ է մեկնել երեկ` հուլիսի 15-ին։

Նա ԱՄՆ–ում էր նաև հուլիսի 10–ին։ Վաշինգտոնում Միրզոյանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ մասնակցել էր եռակողմ հանդիպման, որի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ասել էր` Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության շուրջ վերջնական համաձայնության հասնելուն։

Please enter a valid URL