Search
Close this search box.

Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է կայունությունը Հարվային Կովկասի տարածաշրջանում, և դաշինքի աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին:

«Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը: Փորձում ենք մեր գործընկերներին ճիշտ ուղի մղել: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»,- ասել է Կոլոմինան:

Նա ասել է, որ «Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի, իսկ Սև ծովը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ անկայունությունն ազդում է մեզ վրա»։

Հարցին, թե արդյոք առաջընթաց տեսնո՞ւմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որը ձգձգվում է, Կոլոմինան պատասխանել է, որ ինքը լավատես է, դրական առաջընթաց է տեսնում, կարևորել է նաև Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ:

«Ես հավատացած եմ, որ առաջընթաց կա: Չգիտեմ, թե այն մեզ ուր կբերի, բայց մենք կշարունակենք աջակցել գործընթացին, որքան կարող ենք»,- վստահեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։

Please enter a valid URL