Search
Close this search box.

Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ազատ գյուղի զորամասում զինվորական կացարանում ողբերգական հրդեհի գործով դատավարությունը։

Գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, այսօրվա նիստում հարցաքննվել է՝ վկա Արսեն Սողոմոնյանը, սակայն մինչ վերջինս կհրավիրվեր հարցաքննության, ամբաստանյալներից Մառլեն Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ գործի դատաքննության սկզբում ինքը հույս ուներ, որ մեղադրողը մի կողմ կդնի մասնագիտական սոլիդարությունը՝ ի հայտ կբերի քննչական մարմինների ապօրինությունը, գործի քննությունը կդնի ճիշտ ուղու վրա, համատեղ միջոցներով իրականությունը կպարզվի, սակայն տուժողների հարցաքննության փուլում պարզվեց, որ դատախազը շարունակում է քննիչների գործը և ուղղակի ցանկանում է արագ ավարտել գործի քննությունը՝ հաշվի չառնելով հարցաքննությունների ընթացքում հակասությունները, որոնք ոչ միայն մեկը մյուսին է հակասում, այլև՝ հակասում են ամբողջ գործին։

Ըստ մեղադրյալի՝ եթե դատախազն իր լիազորությունները և մասնագիտական պարտականությունները ճիշտ օգտագործեր, ապա մեղադրյալի աթոռին կլինեին այլ անձինք։ Ավելին, մեղադրյալը հայտնեց, որ իր ունեցած տեղեկությունները հայտնել է թե քննիչին, թե տուժող կողմի փաստաբան Նորայր Նորիկյանին, սակայն հետևանք չի եղել։ Ավելին, Մառլեն Սարգսյանը նշեց, որ իր և Նորիկյանի հանդիպումից հետո տուժողների մոտ տպավորություն է, թե ինքը ինչ-որ բան է թաքցնում, մինչդեռ, նման բան չկա։ Մեղադրյալի հայտարարությունից հետո դատարանում քննարկում սկսվեց, ինչից հետո՝ իրավիճակը մի պահ լարվեց, տուժողների իրավահաջորդները պահանջեցին, որ վկան հարցաքննվի։ Վկա Արսեն Սողոմոնյանը ցուցմունքում պատմեց, որ կացարանում վառարան կար, պետք է փայտ վառեին։ Վառարանը գրեթե միշտ վառված է լինում, վառում էր՝ վերակարգը, ապա վկան փոփոխեց միտքը՝ նշելով, թե կար դիզվառելիք, տեսել է, որ այդպես են վառում վառարանը։ Ըստ նրա՝ բոլորն էլ տեղյակ էին, որ կացարանում վառարան կա տեղադրված և որ վառարանն այդկերպ են վառում։ Դեպքի օրվա հանգամանքներին անդրադառնալով՝ նա պատմեց, թե բացի Լևոնից և Ռադիկից, որոնք գույքի և անձնակազմի հսկողություն էին իրականացնում, մյուսներն ամբողջ օրը զբաղված են եղել արկերը՝ գյուղում իբրև պահեստ ծառայող տնից՝ զորամասի պահեստ՝ ավելի ապահով տեղ տեղափոխելով։ Իրենց աշխատանքները վերահսկել են Եղիշե Հակոբյանը և ծառայության պետը՝ Տիգրան Մանասերյանը։ Երեկոյան, կացարան են այցելել Ժիրայրի ծնողները․ թե ինչու՝ վկան տեղեկություն չունի։ Ծնողներին մոտավորապես 20․00-20․30-ի սահմաններում ճանապարհել են, այդ ժամանակահատվածում, Տիգրան Մանասերյանը ևս գնացել է։ Ընդ որում, վկան նշված ժամանակագրությունը խեղաթյուրված է ներկայացրել՝ մեկ նշելով, թե Ժիրայրի ծնողների հեռանալուց է մտել ներս, մեկ՝ Մանասերյանի, ապա ասել է, թե Մանասերյանին հրաժեշտ տալու ժամանակ ինքը այնտեղ չի եղել, ինքն ու Վաղինակն այդ ժամանակ «Ուրալ» մեքենայի մեջ նստած են եղել, հանգստանում էին։ Այնուհետև՝ առավել ուշ ժամի իրադարձությունների մասին խոսելիս վկան նշել է, թե ինքը գնացել էր ջուր բերելու՝ լոգանքի համար, իսկ երբ կացարանից դուրս է եկել՝ կացարանում են եղել Եղիշե Հակոբյանը, Լևոն Խառատյանը, Ռադիկը։ Ջուր բերելը, սակայն, պարզվեց՝ 2 ժամ 45 րոպե է տևել, ինչը դատախազի մոտ տարակուսանք է առաջացրել։ Հեռախոսազանգ են ստացել, որ պետք է կպչան բերել՝ վառարանը թեժացնելու համար։ Բուն դեպքին անդրադառնալով՝ Արսեն Սողոմոնյանը նշեց, որ տղաների բղավոց է լսել, վազելով իջել է ներքև՝ առաջինը տեսնելով Լևոն Խառատյանին, որը պառկած է եղել՝ դեմքն ամբողջությամբ այրված, բայց օգնություն չի ցուցաբերել, որովհետև զինծառայողները ներսում էին։ Տեսնելով հրդեհը՝ փորձել է մտնել ներս, սակայն չի ստացվել, փորձել է կրակմարիչից օգտվել, սակայն դա ևս չի ստացվել, տեսել է Վաղոյին, Ռադիկին, որոնք պատուհանն էին փորձում կոտրել, Եղիշեն եղել է մուտքի մոտ՝ ծանր հոգեբանական ապրումների մեջ էր, այրվածքներ ուներ։ Հետո փորձել են «Ուրալով» մտնել, բայց ոչինչ չստացվեց, ամբողջ տունն արդեն այրվում էր։ Նա նաև պնդեց, որ փորձել է ննջասենյակի կողմ նայել, բայց ոչինչ չի տեսել։ Դատախազի դիտարկմանը, որ նրա արյան մեջ թմրանյութ էր հայտնաբերվել՝ վկան չարձագանքեց։ Միևնույն ժամանակ, վկան հերքեց մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հայտարարությունը, թե Հակոբյանն իրեն և Ռադիկին Ուրալի հետևի մասում էր տեսել։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2023թ․ հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

Please enter a valid URL