Search
Close this search box.

Ինչպե՞ս են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ուկրաինայի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Զապորոժյեի ատոմակայանի տեխնիկական և ֆիզիկական անվտանգության մասին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել, 60-ը ձեռնպահ է մնացել։ Այս մասին հայտնում է Գլխավոր ասամբլեայի կայքը։

Հայաստանն ու Իրանը ձեռնպահ են եղել, Վրաստանն ու Թուրքիան կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Բանաձևը պահանջում է, որ Ռուսաստանը «դադարեցնի իր ագրեսիան Ուկրաինայի դեմ» և «անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը այդ երկրի տարածքից՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում», պարզաբանում է DW-ն։ Ինչպես նշում է dpa-ն, թեև 99 երկրների հավանությունը սովորաբար հաջողություն է համարվում բանաձևերի համար, սակայն Ուկրաինայից ռուսաստանյան զորքերի դուրսբերման վերաբերյալ նախորդ բանաձևը ստացել էր ավելի քան 140 կողմ ձայն։

Փաստաթղթով պահանջվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շտապ դուրս բերի իր զինվորականներին և այլ չարտոնված անձնակազմին Զապորոժյեի ատոմակայանից և այն անմիջապես վերադարձնի Ուկրաինայի ամբողջական վերահսկողությանը:

Ռուսաստանին նաև կոչ է արվել համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, քանի դեռ կայանը չի վերադարձվել ամբողջական ուկրաինական հսկողությանը, և անհապաղ հեռացնել Զապորոժյեի ԱԷԿ-ի տարածքի պարագծով տեղադրված բոլոր հակահետևակային ականները։ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին բանաձևն անվանել է «վնասակար, խիստ քաղաքականացված և միջուկային անվտանգության հետ կապ չունեցող»։

Please enter a valid URL