Search
Close this search box.

«Փաստ». Կառավարման տոտալ ճգնաժամի թելերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում պետական կառավարման ոլորտը բազմաթիվ ուղղություններով բարձիթողի վիճակում է, այդ թվում՝ այնպիսի բնագավառներում, որոնք կենսական նշանակություն ունեն պետության համար։ Դե, պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը փլված է, վերջին տարիների ընթացքում անվտանգային մասնագետներին ու բարձրաստիճան սպաներին վարկաբեկեցին, հանեցին համակարգից, իսկ նորաթուխ ծառայողներին հերթով գեներալի ու այլ բարձր կոչումներ են տալիս՝ առանց հաշվի առնելու նրանց անցած ճանապարհը։ Ու այս ֆոնին ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ անվտանգային հայեցակարգի ներքո է Հայաստանն ապահովելու իր պաշտպանությունը։ Սակայն խնդիր է ոչ միայն արդյունավետ կառավարման բացակայությունը, այլև անհամարժեք վերահսկողությունը։

Քաոսի ու վերահսկողության պակասի արդյունքում է, որ բանակում պարբերաբար տարբեր միջադեպեր են տեղի ունենում, որոնք հաճախ ավարտվում են նաև զոհերով։ Մի ժամանակ իշխանությունները մեծ «փիառ փուչիկ» էին հյուսել, թե Հայաստանը անվտանգային ռիսկերը նվազեցնելու համար արբանյակ է բարձրացնելու ուղեծիր, բայց պարզվում է, որ այս հարցում ևս լուրջ խնդիրներ կան։ Զուգահեռ՝ մեր երկիրն անպատրաստ է ոչ ստանդարտ իրավիճակներին։ Օրինակ՝ մի փոքր շատ է անձրև գալիս, միանգամից մայրաքաղաքի փողոցներում իսկական ջրհեղեղ է տեղի ունենում, կամ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, ինչպես եղավ ՀՀ հյուսիսային շրջաններում, ու պարզվում է՝ պետությունն ընդհանրապես պատրաստ չէ։ Ավելին, անընդհատ հրդեհներ ու վթարներ են տեղի ունենում պատկան մարմինների անփութության, աչք փակելու, որոշ դեպքերում՝ նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի կասկածի պարագայում։

Օրինակ՝ գազալցակայանում ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերում, «հետմահու» հայտարարում են, թե աշխատանքները պետք է դադարեցվեին, բայց այն փաստացի աշխատել է, ու պայթյուն է տեղի ունենում։ Ու դա միակ օրինակը չէ. բազմաթիվ են ոչ բնական աղետները՝ Սուրմալուի դեպքերից սկսած։ Հարյուրավոր զոհեր ենք ունենում այն պատճառով, որ հակահրդեհային կամ անվտանգության այլ կանոնները չեն պահպանվում։ Էլ չենք խոսում ավտովթարների մասին, որոնք արդեն դարձել են «սովորական» երևույթ։ Իսկ ո՞վ պետք է վերահսկողություն իրականացնի, մնում է անհայտ, քանի որ իշխանությունները՝ ամենավերին պաշտոնյայից սկսած, ամենացածրաստիճան չինովնիկով վերջացրած, միայն պարգևավճարներ վայելելու ու պաշտոնից բխող կարգավիճակից օգտվելու համար են։ Հանրապետության մակարդակով լուծված չէ նաև բնակֆոնդի հարցը։

Օրինակ՝ հատկապես մարզերում բնակավայրեր կան, որտեղ միայն դեռևս խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքեր են, որոնց մի մասն էլ արդեն հասնում է վթարային մակարդակի։ Ի դեպ, այդպիսիք կան նաև մայրաքաղաքում: Բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, իսկ մարդիկ շարունակում են ապրել այնպիսի շենքերում, որոնք արդեն վաղուց երկրաշարժադիմացկուն չեն: Այս տեսանկյունից հարկավոր է ուշադրություն դարձնել հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա և խթանող նախագծեր առաջ քաշել։ Ընդհանրապես, տարածքային կառավարման ապակենտրոնացումը խնդիր է Հայաստանի համար, իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել։ Բայց ցավալի է, որ ներկայիս տեխնիկական առաջընթացի պայմաններում փոքրիկ Հայաստանը չունի անգամ ժամանակակից ճանապարհներ, որոնք մայրաքաղաքը կկապեն իր ծայրամասերի հետ ու կնպաստեն արդյունավետ հաղորդակցությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL