Search
Close this search box.

«Ժողովուրդ». ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի պաշտոնազրկման խորը արմատները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատներ ունի: Տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչեւ 2018-ի հեղափոխությունը՝ ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը համակարգել է կապի և տիեզերական գործունեությունը, որը, կարծես թե, ձախողվել է:

Թեեւ Պողոսյանն իր պաշտոնանկութան օրը հայտարարել էր, թե իր օրոք.

— Շահագործման են հանձնվել Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը, իսկ արբանյակի շահագործումն իրականացվում է ըստ նախանշված ծրագրի;

— Մշակվել է Տիեզերքի ռազմավարությունը, որի ընդունման գործընթացը մոտեցել է վերջին փուլին»:

Այս կարևորագույն պաշտոնյային, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին ազատեց նախարարի տեղակալի պաշտոնից, որտեղ Պողոսյանն աշխատում էր 2022 թվականի հունիսի 20-ից:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես և ինչու է Ավետ Պողոսյանը ազատվել պաշտոնից։ Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաև «Արմսաթ-1»-ը, խնդիր են դարձել ոլորտի համակարգող Պողոսյանի համար:

Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը և մեկնարկը:

Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»- պատճառով։

Ահա, այս պատճառով էլ, թերևս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որևէ այլ պատժամիջոց չի կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ավետ Պողոսյանին տեղեկությունները ճշտելու համար, վերջինս մեզ փոխանցեց, թե՝ «Նախ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել ևս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության և նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ, եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր և որևէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL