Search
Close this search box.

«Կիրանցում ադրբեջանական փշալարը խորացել է գյուղի տարածք»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«80-ական թվականների սկզբներից եմ հիշում Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա և Խեյրիմլի գյուղերը, քանի որ այս գյուղերի միջով կամ կողքով էր անցնում Նոյեմբերյան-Երևան կարմիր Իկարուսը, որով գնում-գալիս էինք մայրաքաղաք, ճիշտ է նաև՝ այն ժամանակ շատ էինք օգտվում Թիֆլիս-Երևան գնացքից՝ Այրում կայարանից:
Կզըլ-Հաջիլին ավելի անկյուն է ընկնում, այդ գյուղի մասին իմացել եմ 2000-ական թթ., երբ հոդվածներ ու ռեպորտաժներ/ֆիլմեր էի պատրաստում:
Շատերի նման, ես էլ եմ կարծում, որ Ադրբեջանը համաձայնվեց այստեղ սահմանազատում/սահմանագծում անել, որպեսզի առանց կրակոցի ու հավելյալ ռիսկի, հետ ստանա 1990-ական թթ․ սկզբներին կորցրած գյուղերը:
Եվ ստացավ:
Ուշադրությունս գրավեց այն, որ Բաղանիս-Այրում գյուղի մի ոչ փոքր հատված մնացել է փշալարից այս կողմ, մի ավելի փոքր հատված մնացել է Աշաղը Ակսիպարայից:
Հակառակ է իրավիճակը Կիրանցում: Այստեղ ադրբեջանական փշալարը խորացել է գյուղի տարածք: Կամուրջը ևս շուտով կանցնի Ադրբեջանին, իսկ մոտ 200 մետր դեպի արևմուտք կառուցվող կամուրջը և շրջանցիկ ճանապարհը գրեթե ավարտին է մոտենում:
Մտածում եմ՝ հետաքրքիր կլինի, եթե որևէ հայ լրագրող կամ սցենարիստ մի ֆիլմ պատրաստի այն մասին, թե ինչպես են ձևավորվել Հայաստանի Հանրապետության հինգ սահմանային շերտերը՝ Հայաստան-Ադրբեջան, որ ամենաերկարն է, Հայաստան-Նախիջևան/Ադրբեջան, որ երկրորդ ամենաերկարն է, Հայաստան-Թուրքիա, որ մոտ 300 կմ է և գրեթե պարզ, թե ինչպես է այն ձևավորվել, Հայաստան-Վրաստան, որ մոտ 260 կմ է, և Հայաստան-Իրան, որ մոտ 45 կմ է և սահմանների մեջ ամենից հստակն ու անվիճելին, քանի որ Արաքսն է ջրբաժանը:
Ես, ՍիվիլՆեթում աշխատելու տարիներին առանձին ֆիլմեր, բայց նկարագրական, նկարել եմ ՀՀ-Իրան, ՀՀ-Ադրբեջան (Տավուշ-Ղազախ/Աղստաֆա-Թովուզ), ՀՀ-Վրաստան և ՀՀ-Նախիջևան սահմանների մասին:
Այդ 5 ֆիլմերը միասին արդեն ունեցել է մոտ 3 միլիոն դիտում, ինչը նշանակում է, որ սահմանների թեման հետաքրքրում է մարդկանց»։

Please enter a valid URL