Search
Close this search box.

Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախերը․ երկրի վարչապետը հրաժարական կտա

Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր Ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ Ֆրանսիայի ԱԺ-ում ստանալով 182 մանդատ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է Monde-ը՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը հղումով։

Երկրորդ տեղը զբաղեցրել Է նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, իսկ երրորդ տեղը՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը», որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի 143 պատգամավորով։

Ընտրությունների արդյունքներով՝ հանրապետականները Ֆրանսիայի Ազգային ժողովում կստանան 45, իսկ մյուս բոլոր կուսակցությունները՝ 39 մանդատ։

Միևնույն ժամանակ, ավելի ուշ Parisien թերթը հաղորդել է, որ ՆԳՆ վերջնական թարմացված տվյալների համաձայն՝ «Նոր Ժողովրդական ճակատը» ստացել է 174 մանդատ, Մակրոնի կոալիցիան՝ 156, իսկ Մարին Լը Պենի «Ազգային միությունը»՝ 143: Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները, ըստ այս տվյալների, ստացել են 66 մանդատ, մյուս քաղաքական ուժերը՝ 38։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հրաժարական կտա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։

Քաղաքացիներին ուղղված ուղերձում Ատալը նշել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող հանդես եկավ, քան Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն դա բավարար չէր խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստանալու համար։

«Հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին և իմ սկզբունքներին՝ վաղն առավոտյան ես հրաժարականի դիմում կներկայացնեմ հանրապետության նախագահին», — ասել է Ատալը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պարտականությունները «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»՝ նշելով, որ մի քանի շաբաթից երկիրը պետք է «հյուրընկալի ամբողջ աշխարհին»՝ նկատի ունենալով Փարիզի օլիմպիական խաղերը։

Please enter a valid URL