Search
Close this search box.

Ազգային ժողովն իր գործունեության ճանապարհին ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ,

Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը:

29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ու հռչակելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չնայած որոշ կենտրոնների ու խմբերի կողմից պարբերաբար փորձ է կատարվում ժողովրդից խլել իր այս սահմանադրական անքակտելի իրավունքը, սակայն վերջին իրադարձությունները կրկին ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը՝ ապացուցելով, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ և որպես ժողովրդավարական հստակ ուղեգիծ որդեգրած քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ համամիտ եմ ձեզ հուզող մի շարք մտահոգությունների հետ, որ չնայած Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին՝ դեռևս տարբեր ոլորտներում առկա են որոշ օրենսդրական բացեր, որոնք հաճախ անհարմարություն, երբեմն էլ՝ օրենքի առաջ պաշտպանված չլինելու զգացում են պատճառում շատերիդ:

Շնորհավորելով Սահմանադրության օրը՝ ուզում եմ կրկին շեշտել ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու մեր հաստատակամությունն ու վստահեցնել, որ Ազգային ժողովն իր օրինաստեղծ գործունեության ճանապարհին որևէ ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ, արժանապատիվ ու հարմարավետ դարձնելու համար»:

Please enter a valid URL