Search
Close this search box.

Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է

2024 թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.2 % և 0.1 %–ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներից։

Հայաստանյան բենզալցակայաններում այսօր ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը հնարավոր է գնել 470 դրամով, մինչդեռ մայիսին այն 490 դրամ էր, պրեմիում դասինը` 510 դրամ, նախկին` 530 դրամի փոխարեն, սուպեր տեսակը` 730 դրամով, նախկին 750 դրամի փոխարեն։

Ըստ պաշտոնական տվյալների` 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ գրանցվել է բենզինի 25.7 % և դիզելային վառելիքի 16.5 % գնաճ, սակայն 2023 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.3 % և 4.3 %–ով:

Նշենք, որ 2023 թ. դեկտեմբերին ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում էր 520 դրամով, պրեմիում տեսակինը` 560–570 դրամով։ 2023 թ. դեկտեմբերին 2022 թ. նույն ամսվա համեմատ ՀՀ–ում բենզինը թանկացել էր 24,3 %–ով։

Բենզինի գնի նվազման միտումներն արդեն նկատելի էին այս տարվա հունվարից, որը փորձագետները հիմնականում պայմանավորում էին ՌԴ–ից նավթամթերքի արտահանման սահմանափակումների վերացմամբ և տարեսկզբին Հայաստան բենզինի նոր խմբաքանակի ներկրմամբ։

Նշենք, որ մեր տարածաշրջանում բենզինի ամենաբարձ գինը ՀՀ–ում է, որի հիմնական պատճառները տրանսպորտային ծախսերն են և այն, որ մեր երկիրը նավթամթերք արտադրող պետություն չէ։ Բենզինի ամենացածր գինն այս պահին մեր հարևան Իրանում է՝ 1 լիտրի դիմաց ՀՀ դրամով արտահայտված ընդամենը 12 դրամ։ Վրաստանում ևս ՀՀ համեմատ բենզինը էժան է` 1 լիտրն արժե 465 դրամ։

Բենզինի միջին համաշխարհային գինը մեկ լիտրի համար կազմում է ավելի քան 484 դրամ։

Դիզելային վառելիքի 76.6 տոկոսը ՀՀ է ներմուծվում Ռուսաստանից, 11.9 տոկոսը՝ Իրանից:

Please enter a valid URL