Search
Close this search box.

Ձերբակալության մասին լուրերը սուտ են. նոր մանրամասներ

Գեներալ Օգանովսկու որդու՝ Վալերի Կարապետյանի ձերբակալման մասին լուրերը սուտ են, ինչպես նաեւ հերքում եմ իշխանամետ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գեներալի որդու հետ կապված տեսարաններն արվել են նրա «լկտի պահվածքի պատճառով»։ Ֆիզիկական ուժի կիրառմամբ, մազերը քաշելով գեներալի որդուն ու ընեկորջը ասֆալտին պառկեցնելով ապահովել են, տեսարաններ, խուզարկել են նաեւ մեքենան եւ այս ամբողջն արել են առանց որևէ հիմքի ու մեքենան տեղափոխել են հատուկ պահպանման վայր։ Դեպքը տեղի է ունեցել երեկ գիշերը, մինչ այս պահը իրավապահները հրաժարվում են վերադարձնել Վալերի Կարապետյանի ավտոմեքենան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:

Փաստաբանը ընդգծեց, որ համոզված է` գերենալի որդու նկատմամբ այդ ամբողջ օպերացիան պլանավորված է եղել հստակ գործողություններով, քանի որ դեպքի վայրում են եղել նաեւ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Քրեական ոստիկանության պետը, Պարեկային ծառայության պետ Խուդինյանը եւ այլ անձիք:

Նշենք, որ Վալերի Կարապետյանի մեքենան նախորդ գիշեր կանգնեցրել են` պատճառաբանելով իբրեւ թե ուժեղացված ծառայություն է եղել, որից հետո Փաշինյանի սրտով տեսարաններն են բեմադրվել, ապա խուզարկվել է մեքենան, իսկ արդյունքում քրեաիրավական գնահատման ենթակա ոչինչ չի հայտնաբերվել։

«Հայտնաբերվել է ընդամենը «դռիկ» կոչվող սարքը ու խախտումը տեղում վերացվել է, վարորդը չի առարկել, պարեկները հանել են այն»,-մանրամասնում է փաստաբան Ռոման Երիցյանը` ընդգծելով, որ մեքենայի խուզարկությունն ապօրինի է արվել, քանի որ չեն ունեցել դատարանից որոշում, անգամ նախաձեռնված քրեական վարույթ չկա։

Երիցյանը հիմնավոր կասկածներ ունի, որ գեներալի որդու մեքենան ամեն գնով տուգանային հրապարակ է տարվել մի նպատակով, որպեսզի դրա մեջ գաղտնալսող սարք տեղադրեն։

Please enter a valid URL