Search
Close this search box.

Ինչքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը, ինչից ես ուրախանում եմ. ՔՊ պատգամավոր

Եկեղեցին և առհասարակ կազմակերպությունները, անկախ իրենց պատմական ավանդից, պետք է անջատ լինեն պետությունից ու զբաղվեն իրենց հոգևոր գործերով: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Բոլոր պետական կառավարման ֆունկցիաներով պետք է զբաղվեն պետական կառույցներն ու գերատեսչությունները, սակայն 2000-ականներից հետո մենք տեսնում ենք եկեղեցականների՝ տարբեր պետական միջոցառումների ժամանակ: Օրինակ, հիմա սկսել է ամառային զորակոչը, որի ժամանակ տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, որտեղ էլի տեսնում ենք եկեղեցականների ու չեմ հասկանում՝ ինչ գործ ունի եկեղեցականն այդ պետական արարողության ժամանակ: Երբ կլինի նոր Սահմանադրության նախագիծ, դրան էլ պետք է անդրադառնանք՝ տալով ժամանակակից լուծումներ, որոնք տարընթերցումների հնարավորություն չեն տա»,- ասաց նա:

Խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսված շարժման մասին, Թորոսյանն ասաց. «Ոչ թե մեկ հոգևորական է դուրս եկել իշխանության զավթման նպատակով, այլ բազմաթիվ այլ հոգևորականներ: Նա հրապարակավ բազմիցս հայտարարել է, որ այս շարժումն ունի կաթողիկոսի օրհնանքն ու մենք չենք լսել որևէ հերքում: Հետևաբար այս շարժումը ղեկավարվում է կաթողիկոսի, հոգևոր խորհրդի ու ընդհանրապես եկեղեցու կողմից, ինչը վտանգավոր է հայոց պետականության համար: Մենք պետք է օրինակներ ցույց տանք մեր ժողովրդին, թե ինչպես են տարբեր ժամանակշրջաններում հոգևորականները, իշխանությունը զարգացնելու ու բացարձակ դարձնելու պատճառով, կործանել հայոց պետականությունը: Գործողությունները մեր ժողովրդի իմաստության շնորհիվ արժանացան իրենց գնահատականին»:

Արսեն Թորոսյանը կարծում է, գործողությունները հեղինակազրկել են Հայ առաքելական եկեղեցին:

«Այս ամեն ինչի արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»,- ասաց Թորոսյանը:

Please enter a valid URL