Search
Close this search box.

Երբ կարող է սկսվել Ամուլսարի հանքի շահագործումը․ պարզաբանում են ԵԱԶԲ-ից

Ամուլսարի հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի գարնանը։ Sputnik Արմենիայի և «Արմինֆո» գործակալության հետ զրույցում այս մասին ասաց ԵԱԶԲ ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում։

Իլյինի խոսքով՝ նախագծի իրականացման հարցում երեք հիմնական կետ կա։ Առաջինը վերաբերում է բնապահպանությանը։ Մասնավորապես բանկըբնապահպանական պահանջներ էր ներկայացրել, և «Լիդիան Արմենիան» պետք է ընդուներ դրանք։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել։

«Բնապահպանական պահանջներ ի սկզբանե կային։ Մենք ստացանք խորհրդատուի եզրակացությունը, փոխանցեցինք հաճախորդին: Նրանք բավական երկար դիտարկում էին այն, և հիմա մենք անցնում ենք եզրափակիչ փուլին։ Հուսով եմ, որ հուլիսին մենք վերջապես կավարտենք նախագծի աշխատանքները բնապահպանական առումով»,-ասաց Իլյինը։

Երկրորդ կետը վերաբերում է պետության հետ հարաբերություններին։ Հաշվի առնելով, որ պետությունն ընդգրկվել է բաժնետերերի կազմում` բանկը Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է նախագծին աջակցելու առումով նրանց կողմից որոշակի երաշխիքները։

«Ամեն դեպքում քաղաքական ռիսկեր կան յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս շաբաթ մենք կառավարությանն ուղարկեցինք մեր փաստաթղթի վերջնական տարբերակը։ Ես հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ արդեն կարձանագրենք»,-նշեց Իլյինը՝ պարզաբանելով, որ փաստաթուղթն ուսումնասիրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Երրորդ կետը, նրա խոսքով, վերաբերում է վարկային փաստաթղթերի տրամադրմանը։ Ֆինանսավորման վերաբերյալ որոշ հարցեր են եղել նախագծի գործող ներդրողների միջև։ Խոսքը ամերիկյան հիմնադրամների և նոր գործառնական գործընկերոջ մասին է։

Այդ առումով նախագիծը «դադար էր վերցրել»։ Բաժնետերերը որոշվել են ֆինանսավորման ծավալով, հին պարտքերի վերակազմավորմամբ։
«Նրանք խոստացել են հաջորդ շաբաթ ուղարկել վերջնական տարբերակը, որպեսզի ես հասկանամ, թե ինչ կառուցվածքի հետ ենք մենք աշխատում»,-ասաց Իլյինը:

Նա նաև ընդգծեց, որ ԵԱԶԲ-ն իր կողմից նախագծում 75-100 մլն դոլար է ներդնում։ Եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա օգոստոսին բոլոր հարցերը պետք է լուծված լինեն։

Ընդ որում, Իլյինի խոսքով, նախագիծը տեղում չի դոփում։ Ընթացիկ և նոր ներդրողները միջոցներ են ծախսում նախապատրաստական աշխատանքների վրա։ Իլյինը չնշեց նոր ներդրողի անունը՝ տեղեկացնելով, որ ինքը «Լիդիան Արմենիա» ընկերությունից դեռևս հստակ տեղեկություն չի ստացել։ Միաժամանակ նա շեշտեց, որ տեղյակ է այդ ներդրողի հետևում կանգնած կառույցների մասին, որոնք հայտնի են տվյալ ոլորտում և ծրագրեր են իրականացրել Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում:

Այս բոլոր ծրագրերի իրականացման դեպքում աշնանը կմեկնարկի հանքավայրի նախապատրաստումը, իսկ 2025 թվականի գարնանը՝ հանքի անմիջական շահագործումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանքի համար նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրվել։ 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարության, «Լիդիան» միջազգային ընկերության և Եվրասիական զարգացման բանկի միջև հուշագիր ստորագրվեց Ամուլսարի ոսկու հանքի գործարկման մասին (որը ղեկավարում է «Լիդիան Արմենիան»` «Լիդիանի» դուստր ձեռնարկությունը)։ Հուշագրի համաձայն՝ այդ նպատակով նախատեսվում է ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն–ը` ԵԱԶԲ-ից (վարկի տեսքով)։ «Լիդիան Արմենիան» Հայաստանի կառավարությանը փոխանցել է նաև իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը (դրանք որպես պետության սեփականություն ընդունելու մասին որոշումն ընդունվել է հունվարի 18-ի նիստում):

Please enter a valid URL