Search
Close this search box.

ՀՀ–ում բժիշկն այլևս չի կարող լաքապատ եղունգներ ունենալ

Հայաստանում գործող բուժաշխատողներին արգելվում է լաքապատ եղունգներ ունենալ, զարդեր կրել ձեռքերին, քանի որ ներհիվանդանոցային վարակները տարածվում են հիմնականում բուժաշխատողների ձեռքերի միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարչության բժիշկ Շողիկ Ավետիսյանը։

Հունիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ առողջապահության նախարարության` ձեռքերի հիգիենայի վերաբերյալ նոր կարգավորումները, որոնց համաձայն` արգելվում է բժիշկներին «շիլաք», «գել լաք» անել, երկար եղունգներ ունենալ, կապել ժամացույց, դնել մատանի։ Ի սկզբանե այդ պահանջը եղել է ստոմատոլոգիական կազմակերպությունների աշխատակիցների համար դեռևս 2011 թվականից, հիմա տարածվում է բոլոր ԲԿ–ների վրա։

Ավետիսյանն ընդգծեց, որ բուժաշխատողների ձեռքերի դերը շատ մեծ է վարակի տարածման հարցում։
«Բժշկական միջամտություններով պայմանավորված` ներհիվանդանոցային վարակները տարածվում են հիմնականում բուժաշխատողների ձեռքերի միջոցով (40–80 տոկոս դեպքերում)։ Իսկ պատշաճ լվացում կամ պատշաճ հիգիենիկ մշակում ոչ մի բուժաշխատող չի կարող իրականացնել, եթե ձեռքերը զարդերով պատված են, եղունգները լաքապատ են, երկար»,–նշեց բժիշկը։

Նրա խոսքով` ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնված բազմաթիվ փաստեր կան, թե բուժաշխատողների եղունգների տակ ինչ մանրէներ են հայտնաբերվել, երկար եղունգներ ունեցող բուժաշխատողների բաժանմունքներում նրանց բուժած պացիենտների մոտ ինչ վարակներ են հայտնաբերվում։ Հետևաբար նման պահանջի նպատակը ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն է։
«Շատերը կասեն` ձեռնոց են հագնում։ Ձեռնոց հագնելուց առաջ, հանելուց հետո բուժաշխատողը պետք է ձեռքերը լվանա կամ մշակի պատշաճ կերպով։ Ձեռնոցի տակ խոնավ միջավայր է, որն ավելի է նպաստում մանրէների աճին»,– ասաց Ավետիսյանը։

Համաճարակաբանության վարչության բժիշկը հստակեցրեց` բուժաշխատողի ձեռքերը պետք է լինեն առանց զարդերի, եղունգները` կարճ կտրված (մատի թմբիկից ոչ բարձր) և ոչ լաքապատ։ Ցանկացած լաք, ցանկացած ծածկույթ եղունգի վրա արգելված է. արհեստական ծածկը թույլ չի տալիս, որ մանրէները պատշաճ կերպով ոչնչացվեն։

Այս արգելքները վերաբերվում են բոլոր այն բուժաշխատողներին, որոնք անմիջական շփում ունեն պացիենտի հետ, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակ գործունեություն իրականացնողներին` մայրապետներ, լաբորանտներ և ախտածին մանրէների հետ աշխատողներ։
Իսկ այս և բժշկական այլ պահանջների իրականացման վերահսկողության գործառույթներն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում բուժաշխատողները կպատժվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42–րդ հոդվածով (սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը):
Այն կարող է առաջացնել տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:

Please enter a valid URL