Search
Close this search box.

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Ի նկատի ունենալով Հայաստանի հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը, մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Բելառուս և մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում տեղի ունեցող «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին։ Այս մասին նշված է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի տարածած հաղորդագրության մեջ։

«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ — բելառուսական մշակութային հարաբերությունները:

Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»:

Հիշեցնենք, որ «Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ ինքը և ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է: Նման հայտարարության համար հիմք էր հանդիսացել Լուկաշենկոյի՝ ավելի վաղ արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանին քաջալերելու մասին:

Please enter a valid URL