Search
Close this search box.

ԱԽ քարտուղարը` Ադրբեջանի հետ համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին

Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հաղորդագրությունների է տարածում, թե հայկական ԶՈւ–ն խախտում է հրադադարի ռեժիմը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը։

«Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որևէ քայլ չի եղել։ Այսինքն` կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին։ Այդպիսով մենք և միջազգային հանրությունը վստահելի տեղեկություն կունենանք։ Բաքուն մինչ օրս չի արձագանքել»,– ասաց Գրիգորյանը։

Հարցին` արդյոք ՀՀ–ի առաջարկը չի հակասում ԵՄ–ի կողմից Հայաստանում մոնիտորինգ իրականացնելու մեխանիզմին, ԱԽ քարտուղարը պատասխանեց` գործառույթները մի փոքր տարբեր են։

Գրիգորյանը վստահ է` ԵՄ–ի դիտորդական խումբն ու առաջարկվող նոր մեխանիզմն իրար չեն հակասում, քանի որ ԵՄ–ն հետաքննման լիազորություն չունի։

ԱԽ քարտուղարի կարծիքով` եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունը բացահայտելով, ապա կհամաձայնեն հետաքննող մեխանիզմ ստեղծելուն։

Please enter a valid URL