Search
Close this search box.

«Հրապարակ». Սյունիքում «չիuտկաները» կշարունակվեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո սեւ-մութ ամպեր են կուտակվել ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին, ով, Կապանի տարածքային խորհրդի մյուս անդամների պես, արժանացել է գրավոր նկատողության՝ Կապանի ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցի համար։ Սակայն կան տեղեկություններ, որ Բաբայանի դեպքում Փաշինյանը չի բավարարվելու նկատողությամբ, քանի որ այլ լուրեր էլ են ականջին հասել։

Ըստ դրանց՝ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, եւ Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել որոշ ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու՝ ընկերոջը պատկանող ընկերությանը վստահելու հարցում։ Պայմանագրերից զրկված ընկերությունների սեփականատերերը, ենթադրվում է, «փորել» են Բաբայանի ոտքի տակ՝ Փաշինյանին հասցնելով անցանկալի ինֆորմացիան:

Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է առաջիկա ընտրությունների նախապատրաստությունը, եւ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ Բաբայանի գործունեության արդյունքում մի քանի հարյուր ձայն ՔՊ-ն կկորցնի այս տարածքում:

Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը մտմտում է Նարեկ Բաբայանին ԶՊՄԿ-ից հեռացնելու հարցը` նրան փոխարինելով ավելի շրջահայաց ու համեստ ներկայացուցչով, եւ մտադիր է այս հարցը նախ քննարկել նեղ կռուգում` հունիսի 22-ին Ջերմուկում կայանալիք կուսակցական ժողովում»:

Please enter a valid URL