Search
Close this search box.

ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ուղերձը

ՆԳ նախարարը ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ. Հարգելի՛ քաղաքացիներ, Հունիսի 20-ը աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Այդ օրը ևս մեկ առիթ է՝ ուշադրություն հրավիրելու ամենամեծ մարդասիրական ճգնաժամերից մեկին՝ փախստականների հիմնախնդրին: Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ են վերցվել և փախստականի կարգավիճակ ստացել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովվի փախստականի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցների պաշտպանությունն ու ինտեգրումը, կենսական պայմանների բարելավումը։ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ձեռնարկում է աջակցման տարբեր միջոցառումներ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ ծառայությունների մատուցման առումով։

Մեր հայրենակիցների սպասարկումը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է արտահերթ կարգով։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու հարցում ՆԳ նախարարությունը համագործակցում է միջազգային և ներպետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ։ Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվում է այդ անձանց տվյալների թվայնացումը, որպեսզի նրանք լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից։

Please enter a valid URL