Search
Close this search box.

«Ֆրանսիան Հայաստանի «գեղեցիկ աչքերի» համար չէ, որ սպառազինություն է տալիս»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ռազմատեխնիկական ցանկացած գնում Հայաստանի համար կարեւոր է, առավել եւս, եթե գնվում է բավականին որակյալ զինտեխնիկա: Բնականաբար, շատ կարեւոր է ֆրանսիական հրետանային համակարգերի ձեռքբերումը:
Խնդիրը սկսում է այնտեղ, երբ այդ պետական ձեռքբերման հանգամանքը ծառայեցվում է սոցիալական մեդիայում զանազան անձնական կամ խմբային կապիտալի ձեռքբերմանը, հայ-ֆրանսիական այդ գործարքը դիտարկելով ոչ թե քաղաքական իրողությունների, շերտերի ու հեռանկարների համատեքստում, այլ՝ «գրկախառնության»:

Խոսքը բնականաբար շարքային քաղաքացիների վերաբերմունքի մասին չէ, որովհհետեւ նրանք պարտավոր չեն հարցերը դիտարկել քաղաքական, մասնագիտական հարթության վրա: Այդ պարտավորությունը այն մասնագիտական շրջանակներինն է, որոնց գործը քաղաքականությանը հետեւելը, ուսումնասիրելը, մեկնաբանելն է:
Ֆրանսիան Հայաստանի «գեղեցիկ աչքերի» համար չէ, որ տալիս է սպառազինություն: Տալիս է իր շահերի համար, ու ըստ իր շահերի է որոշում՝ երբ տալ, ինչ տալ, ինչքան տալ, տվածի կիրառելիության ինչ շրջանակի թույլտվություն տալ եւ այլն: Սա նույնիսկ քննարկելի հարց չէ, որովհետեւ կա ուկրաինական օրինակը, երբ սպառազինության մատակարար երկրները իրենք են որոշում՝ Ուկրաինան դրանցով երբ հարծավի, ինչքան հեռու հարվածի, ինչ թիրախի հարվածի եւ այլն:

Հայաստանի խնդիրը բոլորովին այլ է. ռազմա-տեխնիկական համալրում, միաժամանակ այնպիսի քաղաքական ճարտարապետության մշակումով, որի միջոցով կապահովվի, որ՝ ոչ թե Հայաստանը «ծառայի» այդ մատակարարումներին, այլ դրանք՝ Հայաստանին:

Իսկ այդ խնդրի լուծման գործում մեծ անելիք ունեն թե կառավարական ինստիտուտները, թե այսպես ասած ոչ կառավարական: Եվ առաջին անելիքն այն է, որ մեզանում ձեւավորվող գնահատման նշաձողերը դրվեն «գրկախառնման» կամ «սրտխառնոցի» զգայական ծայրահեղություններից դուրս, որ Հայաստանի գործընկեր երկրները տեսնեն Հայաստանի հանդեպ ավելի պատասխանատու եւ լրջմիտ վարքագծի անհրաժեշտություն»:

Please enter a valid URL