Search
Close this search box.

ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, այդ թվում՝ Վայոց Ձորի 27 և 20–ամյա բնակիչները, Սյունիքի մարզի 39–ամյա բնակիչը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Please enter a valid URL