Արդեն երրորդ օրն է, ինչ անհետ կորածի կարգավիճակով ոստիկանների կողմից որոնվում է Գավառ քաղաքի բնակիչ, դրամափոխությամբ զբաղվող, 1963 թվականին ծնված Հայրապետ Հերգնյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության Գավառի բաժանմունքի պետ Արայիկ Քոչարյանը, որոնումներն ընթանում են ամենատարբեր ուղղություններով, ամենատարբեր տեղերում, շուրջօրյա, բայց առայժմ հուսադրող արդյունք չկա: «Լուրեր են շրջանառվում այն մասին, որ իբր թե կորածի դին հայտնաբերել են անտառի այս կամ այն հատվածում, այս կամ այն դաշտում, սակայն այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. դրանք կամ շինծու են, մտացածին, կամ առանձին հետաքրքրասերների երեւակայության արդյունք: Իսկ իրականությունն այն է, որ մեր լայնածավալ ու չդադարող որոնումներն առայժմ ցանկալի արդյունք չեն տվել: