Search
Close this search box.

Ադրբեջանը պատրաստվում է ռшզմшկшն էսկшլшցիшյի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զnրքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ

Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապահ զորախումբ ուղարկել Հայաստան։ Այս մասին գրում է Le Point-ը։

Նամակի տակ ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները և այլ հայտնի անձինք: Նամակի հեղինակներն ընդգծում են Հայաստանի անվտանգության ապահովման և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։ Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահին պաշտպանական ծրագրերում, այդ թվում` սպառազինության մատակարարումներում և հայ զինծառայողների համար ուսումնական ծրագրերում Հայաստանին աջակցելու համար:

«Ցավոք, դա կարող է բավարար չլինել Ալիևի ռեժիմին էքսպանսիոնիստական և հանցավոր նախագծերից զերծ պահելու համար։ Ադրբեջանը, ելնելով նավթից ու գազից ստացված եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ իր ռազմական առավելությունից, պատրաստվում է ռազմական էսկալացիայի, հատկապես՝ Ղարաբաղում «հաջող» էթնիկ զտումներից հետո։ Սա բարդացրել է Հայաստանի հարաբերություններն իր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նամակի հեղինակներն առաջարկում են, «ամենավատ սցենարից խուսափելու համար», ցույց տալ Հայաստանի կողքին խմբավորվելու օրինակ՝ պոտենցիալ ագրեսորների հավակնությունները կանգնեցնելու համար։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ֆրանսիական եռագույնի տեղակայումը, բացառապես խաղաղ մտադրությունների ցուցադրմամբ, կամրապնդի մեր երկրի անձեռնմխելիությունը տոտալիտար սպառնալիքներից»,- նշում են նամակի հեղինակները։

Նամակի վերջում նշվում է․«Մենք կոչ ենք անում ֆրանսիացի զինվորականներին ուղարկել այս եղբայրական երկիր. խաղաղապահ զորախումբը, ցուցադրելով իր ներկայությունը, պետք է վախեցնի նրանց, որոնք պատրաստվում են վնաս հասցնել Հայաստանին: Մեր զինված ուժերն արդեն կատարում են խաղաղության պահպանման առաքելություններ և մարդասիրական աշխատանք բազմաթիվ երկրներում։ Մենք հավատում ենք, որ ֆրանսիացի զինվորականների ներկայությունն այս երկրում, ճանաչելով նրանց բացառապես խաղաղ առաքելությունը, կկարողանա հույս, համերաշխություն և ազատություն բերել և դրանով իսկ ամրապնդել մեր սեփական իմունային համակարգը տոտալիտարիզմի, խավարի և մեկուսացման դեմ»։

Please enter a valid URL