Search
Close this search box.

Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ

Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ընթանում են պատվիրակությունների կազմով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սա Պուտինի առաջին այցն է ԿԺԴՀ 2000 թվականից ի վեր։ Վաղ առավոտյան ՌԴ առաջնորդն իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ ժամանել է Կիմ Իր Սենի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ընը մեկնել են պետական նստավայր։

Ինչպես նշել է ՌԴ նախագահը հանդիպման մեկնարկին, բանակցությունների ընթացքում կստորագրվի «նոր հիմնարար փաստաթուղթ», որը կլինի ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքում:

«Անցյալ տարի Ռուսաստան կատարած Ձեր այցի արդյունքում մենք զգալիորեն առաջ շարժվեցինք այսօրվա մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա», — նշել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ անցած տարի երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, իսկ ընթացիկ տարում ՝ առաջին միջպետական փաստաթղթի՝ տնտեսական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 75-ամյակը:

«Ինչպես հայտնի է, այդ համաձայնագիրը ստորագրվել է ընկեր Կիմ Իր Սենի կողմից Մոսկվա կատարած նրա առաջին այցի ընթացքում»,- հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում:

ՌԴ նախագահը նաև կիսվել է Փհենյանից ստացած իր տպավորություններով՝ նշելով, որ քաղաքը ավելի գեղեցիկ է դարձել․ «2000 թվականին իմ նախորդ այցից հետո Փհենյանում տեղի ունեցած փոփոխությունները տպավորիչ են։ Դա պարզապես նկատելի է… Հաճելի է դիտել այն, անկեղծ եմ ասում»։

Please enter a valid URL