Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը

«Մեդիահաբ»-ը երեկ գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը տուգանել է Ազգային ժողովի աշխատակազմին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենան «կարմիր գծերում» կայանելու և կայանման վճարը չմուծելու համար։ Բացի տուգանքը վճարելուց, որը կազմում է 5000 դրամ, ԱԺ աշխատակազմը ստիպված է եղել նաև վճարել Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 Li մոդելի մեքենայի կայանման համար նախատեսված տարեկան 160 հազար դրամ գումարը, որ այսուհետ ԱԺ նախագահը կայանման խնդիր կամ հետո դրանից բխող տուգանքի ծանուցումների խնդիր չունենա։
«Մեզ ասացին՝ ԱԺ աշխատակազմից խնդրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ վերջինս ընդառաջի և բացառություն անի ԱԺ նախագահի մեքենայի համար՝ որպես հատուկ պահպանվող անձին սպասարկող տրանսպորտային միջոց, սակայն Ավինյանը մերժել է։

Մենք ԱԺ աշխատակազմից, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ԱԺ աշխատակազմը Երևանի քաղաքապետարանից ԱԺ նախագահին սպասարկող 001 HH 01 պետհամարանիշով BMW մակնիշի ավտոմեքենան «կարմիր գծերում» կայանելու և դրա դիմաց համապատասխան վճարումը չկատարելու համար կազմված վարչական ակտի ծանուցում երբևէ ստացե՞լ է, թե՞ ոչ (մեր տեղեկությամբ` ստացել է)։ Ե՞րբ է դա տեղի ունեցել, որո՞նք են եղել ԱԺ աշխատակազմի քայլերը, վճարվե՞լ է, արդյոք, Երևանի քաղաքապետարանից ստացված վարչական ակտով նախատեսված տուգանքը (5000 դրամ)։ Այս հարցին ԱԺ աշխատակազմից, չգիտես ինչու, չեն պատասխանել՝ երևի չեն նկատել նույն տառաչափով և նույն տառատեսակով ձևակերպված հարցը, չնայած նրան, որ մենք տեղյալ ենք՝ ԱԺ աշխատակազմն իսկապես վճարել է Երևանի քաղաքապետարանի ուղարկած այդ 5000 դրամ գումարը։
Բայց ԱԺ աշխատակազմի համար, հավանավար, պատվից վեր է եղել այդ հանգամանքը խոստովանելը, որ իրենք տուգանվել են և տուգանքն էլ վճարել:

Նաև հետաքրքրվել էինք, թե ԱԺ հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ ԱԺ նախագահին սպասարկողը, արդյոք վճարո՞ւմ են «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության «կարմիր գծերում» կայանելու տարեկան վճարը։ Եթե այո, ապա քանի՞ մեքենայի համար է մինչ այս պահը վճարվել, և որքա՞ն է կազմել ընդհանուր գումարը։ ԱԺ-ից այս հարցին տվել էին հնարավորինս սպառիչ պատասխան․ «Ազգային ժողովի աշխատակազմը վճարում է ԱԺ աշխատակազմին պատկանող 31 տրանսպորտային միջոցի կայանման համար։ «Կարմիր գծերում» կայանելու համար յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տարեկան վճարվել է 160 հազար դրամ»։

Ու թեև այս պատասխանում էլի չեն նշել՝ այդ 31 տրանսպորտային միջոցի մեջ մտնո՞ւմ է, արդյոք, ԱԺ նախագահին սպասարկող մեքենան, սակայն քաղաքապետարանից այդ փաստը հաստատել էին, որ Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենայի համար այդ վճարումը կատարվել է։ Ստացվում է՝ ԱԺ աշխատակազմը տարեկան մոտ 5 մլն դրամ (31×160.000=4.960.000 դրամ) է վճարում ԱԺ աշխատակազմի մեքենաների, այդ թվում՝ ԱԺ նախագահին սպասարկող մեքենայի՝ մայրաքաղաքում անարգել կայանելու և պարբերաբար չտուգանվելու դիմաց»,- գրում է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL