Search
Close this search box.

Ինչ ուղերձ է հղել Փաշինյանը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ, բարգավաճմամբ և շարունակական հաջողություններով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել՝ խարսխված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին։
Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ՝ ի շահ մեր երկրների և բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն»։

Please enter a valid URL