Search
Close this search box.

Կստեղծվի մոտ 1000 աշխատատեղ․ Գևորգ Պապոյանը խոսել է առաջիկա ծրագրերից

Անցած երեք ամիսներին մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տրամադրվել 30 ներդրումային ծրագրերի, որոնց շրջանակներում, ըստ ներկայացված հայտերի, նախատեսվում է իրականացնել 130 մլրդ դրամի ընդհանուր ներդրում և ստեղծել մոտ հազար աշխատատեղ: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մշակել ենք սարքաշինության զարգացման հնգամյա ծրագիր և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը: 2028 թվականին մտադիր ենք սարքաշինության ոլորտում արտադրության ծավալները հասցնել 70 մլրդ դրամի, որից 50 միլիարդի արտադրանքը կարտահանվի:

Ոսկերչության և ադամանդագործության զարգացման հնգամյա ծրագիր ենք մշակել, որի արդյունքում ոսկերչական ապրանքների արտադրության ծավալները նախատեսվում է հասցնել 150 մլրդ, իսկ ադամանդագործությանը՝ 120 մլրդ դրամի: Նշված ծավալների ավելի քան 80 տոկոսը արտահանվելու է: Ընդ որում, յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար նախատեսում ենք ծախսել ընդամենը 600-800 մլն դրամ»,- ասել է նախարարը:

Կառավարությունը հավանության է արժանացրել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն ստեղծելու ծրագիրը: Պայմանագիրն արդեն կնքվել է: Նախատեսվում է 212 մլն դոլարի ներդրում, կստեղծվի մինչև 10 հազար աշխատատեղ: Այդ ծրագրում էկոնոմիկայի նախարարությունն ունենալու է 19 տոկոս բաժնետոմս, «Հայփոստ»-ը՝ 31, իսկ «Ռենշին» ընկերությունը՝ 50 տոկոս:

«Կարևոր է նաև Հայաստանում պղնձի կատոդի գործարան ստեղծելու վերաբերյալ «Ալբրոս» առևտրա-արդյունաբերական ՓԲԸ-ի և էկոնոմիկայի նախարարության միջև կնքված հուշագիրը: Նախատեսվում է ունենալ տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ գործարան:

Ունենք նաեւ այլ ծրագրեր: Օրինակ, «Mercedez-Benz»-ի ավտոսրահ և սպասարկման կենտրոն կառուցելու ծրագիրը, որի ներդրումների ծավալը 3,5 մլրդ դրամ է, ստեղծվելու է 100 աշխատատեղ՝ միջինում 600 հազար դրամ աշխատավարձով»,- հայտնել է նախարարը:

Please enter a valid URL