Search
Close this search box.

Բագրատ Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչով է դիմել միջազգային հանրությանը։ Տեսաուղերձը հրապարակվել է շարժման ֆեյսբուքյան էջում։

«Հայաստանի և հայ ժողովրդի սիրելի բարեկամներ։

Հարգելի գործընկերներ։

Մայիսին Կիրանց և Ոսկեպար գյուղերից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր հանրային լայն աջակցություն է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։

Շարժումը ձևավորվել է ի պատասխան Հայաստանի գործող իշխանության հերթական անհիմն, չարդարացված միակողմանի զիջման, որը կասկածի տակ է դնում մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը և որը ներկայացվում է «սահմանագծման և սահմանազատման գործընթացի» անվան տակ։

Դիմում եմ մեր գործընկերներին։ Մենք Հայաստանում իշխանափոխություն ենք պահանջում։ Սա առավել քան արդարացված է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կորցրել է լեգիտիմությունը՝ խախտելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը։

Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքականությունը հիմնված է բացառապես ստի վրա և խախտում է գործընթացների առողջ տրամաբանությունը, ոտնահարում է Սահմանադրությունն ու օրենքները՝ Հայաստանի անվտանգության համար նորանոր սպառնալիքներ ստեղծելով։ Շարժման նախաձեռնողները՝ նրա շարժիչ ուժը, մեր ակտիվիստները և մեր հասարակությունը, պատրաստ են ազնիվ հարաբերություններ կառուցել աշխարհի, արտաքին բոլոր գործընկերների հետ, պատրաստ են լինել կանխատեսելի և վստահելի գործընկեր, որի խոսքը իրական արժեք ունի։ Պետք չէ խզել դաշնակցային կապերը, այլ երկխոսության և շահերի համաձայնեցման միջոցով կանոնավոր զարգացնել գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունները և միևնույն ժամանակ խորացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ավելացնելով դաշնակիցների, գործընկերների և բարեկամների թիվը։ Մեր հավատամքը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների իրական պաշտպանությունը։ Հայաստանի գործող իշխանությունների կողմից կիրառվող քաղաքական բռնությունների և հետապնդումների պրակտիկան պետք է արմատախիլ արվի։ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։

Հայաստանին իրական ժողովրդավարություն է պետք և ոչ թե դրա նմանակումը։ Մենք սպասում ենք ընթացող գործընթացներին մեր գործընկերների համարժեք արձագանքին։ Հայաստանի բարեկամ ոչ մի երկիր անհանգստանալու պատճառ չունի։ Հայաստանը կդառնա հուսալի և կանխատեսելի գործընկեր։ Մենք հասկանում ենք բոլոր արտաքին խաղացողների քաղաքական շահերը, սակայն մեզ համար անընդունելի է արժեքների անտեսման գնով շահերի առաջմղումը։ Անկախ տարածվող ստից ու մանիպուլյացիաներից, մենք քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքն ու գինը և պայքարելու ենք իրական, կայուն և երկարաժամկետ խաղաղության համար»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։

Please enter a valid URL