Search
Close this search box.

«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քայլերի լեյտմոտիվը` թելադրողը, այլեւ՝ հոգեվիճակի։ Հինգշաբթի օրը՝ կուսակցական փակ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը «Լեոպոլդ կատվի արկածները» հայտնի մուլտֆիլմի հերոսին է հիշեցրել՝ հանդես գալով իրեն ոչ բնորոշ հանդարտությամբ եւ «Ребята, давайте жить дружно» ոճում։

Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, եւ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բզկտել են Երեւանի փոխքաղաքապետերին՝ դժգոհելով առկա խնդիրներից. քաղաքում խրամատներ հիշեցնող փոսերից սկսած, վերջացրած հանրային տրանսպորտով։ Նիկոլ Փաշինյանը, հրշեջի գործառույթ ստանձնած, մարել է բորբոքված կրքերը, խաղաղեցրել թիմակիցներին, որ՝ այո, կան խնդիրներ, բայց այնպես չէ, որ դրանք չեն լուծվում, խնդիրը միայն տեմպի, ժամկետների մեջ է, որոնք գուցե ոչ օբյեկտիվ պատճառներ ունեն։

ՔՊ-ական աղբյուրի կարծիքով՝ իրականում Փաշինյանն այս շրջանում մի խնդիր է լուծում` պահել թիմի միասնականությունը եւ ոչ մեկին չնեղացնել: Եթե ամիսներ առաջ լիներ նման խոսակցություն, նա ուսապարկերին ուղղակի քսի կտար Ավինյանի դեմ, կթողներ, որ իրար հոշոտեին, իսկ ինքը` հանդիսատեսի կարգավիճակ ընդունած, կհրճվեր այդ տեսարանով։

Ի դեպ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի մասնակցել նախաձեռնող խմբի նիստին` ինչ-որ միջոցառման մասնակցելու պատրվակով: Չնայած նիստը սկսվել է երեկոյան 7-ից հետո»:

Please enter a valid URL