Search
Close this search box.

«Հրապարակ». Կհանդիպեն դեսպաններին, կներկայացնեն իրավիճակը

Երեկ Բագրատ սրբազանն ու ժողովուրդը այցելեցին Քննչական կոմիտե՝ Արգիշտի Քյարամյանին հորդորելու՝ ձեռնպահ մնալ ապօրինի քրեական հետապնդումներից։ Մինչ Քննչական կոմիտե հասնելը, «Հրապարակ»-ը Բագրատ սրբազանից հետաքրքրվեց, թե ինչ է կարծում՝ ինչո՞ւ են օտարերկրյա դեսպանությունները, միջազգային կառույցներն ու ՀՀ-ում դրանց ներկայացուցչություններն աչք փակում քաղբանտարկյալների առկայության ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա, ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին թույլատրում անել այն, ինչ ուզում է։

«Ամենասարսափելի բանն այն է, որ մարդ որեւէ ձեւով տեղեկատվություն չունի, թե ինչ հարաբերություններ են, ինչ պայմանավորվածություններ են, ինչ խոստումներ են։ Դրանք ինչ մակարդակի վրա են՝ գրավո՞ր են, թե՞ բանավոր, երդումնե՞ր են, թե՞ խոստումներ են․․, մենք ոչ մի բան չգիտենք։ Ես, վրդովմունք ունենալով հանդերձ, այդ մարդկանց չեմ մեղադրում, որովհետեւ իրենք տեսնում ու արձանագրում են, բայց, հավանաբար, հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։ Այս ամբողջն իմ ենթադրության ծիրից ներս է, ես չեմ կարող ասել, որ դա հաստատ ճշմարտություն է, բայց բոլորիս համար էլ զարմանք է, թե ինչպես կարող է, օրինակ, ԱՄՆ դեսպանը գնալ, խոսել, այսպես կոչված, ոստիկանության ռեֆորմների մասին, բայց այդ նույն ոստիկանության շարքից 40 հոգով ծեծեն մեկ հոգու, դրանք խուլիգաննե՞ր են, ներդրվա՞ծ են, թե՞ ոստիկանությանը չեն պատկանում»,- ասաց սրբազանը։

Հետագայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դիվանագիտական թեւի ներկայացուցիչ, նախկին դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Ռուբեն Կարապետյանը հայտնեց, որ մի շարք դեսպանների հետ հանդիպումներ են նախապատրաստվում, կան պայմանավորվածություններ։ «Հանդիպումների վերաբերյալ որեւէ տեղեկություն Ձեզ տալ չեմ կարող, դրանց վերաբերյալ հաղորդագրություններ կլինեն Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից։ Դիվանագիտական ներկայացուցչությունների եւ դեսպանատների ցանկն այս պահին շատ մեծ է, այսօր Եվրամիության դեսպանությունում հանդիպում կա դեսպանի հետ, տղաներն արդեն գնացել են այնտեղ, դրանից հետո արդեն հաղորդագրություն կլինի։ Կան հանդիպումների վերաբերյալ նախօրոք պայմանավորվածություններ»,- ասաց Կարապետյանը։ Հարցրինք՝ ի՞նչ օրակարգով են գնում դեսպանատներ, ի՞նչ հարցեր են պատրաստվում քննարկել դեսպանների հետ։ «Ամեն ինչ՝ ե՛ւ Հայաստանում մարդու իրավունքների մասին, ե՛ւ շարժման մասին, դիվանագիտական խորհրդի մասին, անելիքների մասին, աշխարհաքաղաքական ընկալումների եւ իրավիճակի մասին, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ, որպեսզի մարդիկ կարողանան հստակ պատկերացում կազմել դրսում, որովհետեւ իրենց միակ խողովակն իշխանություններն են, եւ ցանկանում ենք, որպեսզի իրենք նաեւ այլընտրանքային կարծիքներ ու տեսակետներ ստանան այն ամենի մասին, ինչ կատարվում է Հայաստանում»,- ասաց Կարապետյանը։ Նա նաեւ նշեց, որ այդ հանդիպումներին մասնակցելու են միայն նախկին դիվանագետները, Բագրատ սրբազանը չի մասնակցելու։ Մեր հարցին ի պատասխան՝ Կարապետյանը նաեւ նշեց, որ հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածությունները դյուրին են ձեռք բերվել, խնդիրներ չեն առաջացել։ 

Please enter a valid URL