«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։
«Իջե՛ք, պատասխանե՛ք ադրբեջանական բոլոր տեսակի հայտարարություններին, որոնք հնչում են մեր պետության հասցեին, դուք ի վերջո պատասխան տալի՞ս եք, թե՞ չեք տալիս, ի վերջո, այդքան տղամարդկություն ունե՞ք խոսելու, թե՞ ոչ»,– ասաց նա։
Սրբազանը հավելեց, որ եթե նախարարը չիջնի, ապա ինքը լրագրողների ու ցուցարարների հետ վերև կբարձրանա։
«Եթե դուք չեք իջնելու և հրապարակային չեք խոսելու, ապա ձեր բոլոր ասածները` դավաճան, գործակալ ու մնացած բոլոր բաները, ձեր վրա եք վերցրել ու այսուհետ ծառայում եք ոչ թե ՀՀ–ին, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին»,– ընդգծեց նա։