Իրավապահները մայիսի 28-ին փորձեցին արգելել Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, հրել ու քաշքշել էին հոգեւորականներին, նրանց շրջապատել, որ հանկարծ առաջ չշարժվեն։ Այդ խայտառակ կադրերը տարածվեցին համացանցով, եւ շատերն են տեսել: Անգամ աթեիստներն ու եկեղեցու հանդեպ ոչ այնքան բարեհաճ տրամադրված մարդիկ երեկ դատապարտում էին եկեղեցու սպասավորների նկատմամբ այդ վերաբերմունքը:
ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց` արդյոք Վեհափառի հանդեպ անհարգալից վերաբերմունքի կամ խուլիգանության հոդվածով վարույթ նախաձեռնվե՞լ է։ Մեզ հայտնեցին, որ իրենք որեւէ հաղորդում չեն ստացել, հետեւաբար՝ քրեական վարույթ չկա։ Ո՞վ էր ոստիկաններին հրաման տվել եւ ո՞վ էր այդ աննախադեպ խայտառակության հեղինակը։
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիր այցելեց 15։00-ին, երբ նրա հրաժարականը պահանջող ժողովուրդը` Բագրատ սրբազանի հետ, արդեն հեռացել էր Սարդարապատից։ Չնայած բոլորովին այլ բան էր ծրագրված․ մեր աղբյուրներն ասում են, որ մեկ օր առաջ` մայիսի 27-ին, տարբեր կառույցների տեղեկացված է եղել, որ մայիսի 28-ին պետական արարողակարգ է լինելու` վարչապետի մասնակցությամբ, որը հետո չեղարկվել է՝ Բագրատ սրբազանի՝ Սարդարապատում լինելու պատճառով։ Մայիսի 28-ին` լույսը բացվելուն պես, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության օպերներն ու ԱԱԾ աշխատակիցներն արդեն Սարդարապատում էին՝ իրավիճակն ուսումնասիրելու եւ Փաշինյանի անձի դեմ հնարավոր վտանգների մասին վերադասին զեկուցելու համար։ Թերեւս նրանց զեկույցներից էլ որոշել են, որ չարժե ռիսկի գնալ, եւ չեղարկվել է առավոտյան նախատեսված այցը: Իսկ երբ Սարդարապատում գտնվողները տեսան, որ Փաշինյանը չի գալու հուշահամալիր, վերադարձան Երեւան: Փաշինյանը, որ այդ ժամանակ նախագահականում կոչումներ ու պարգեւներ էր հանձնում ուժային կառույցների աշխատակիցներին, վերջին պահին է որոշել գնալ հուշահամալիր՝ ցույց տալու, որ ինքն է երկրի վարչապետը։ Փաստացի պետական մարմինները, պրոտոկոլի համաձայն, հանրությանը եւ տարբեր իրավասուներին չեն իրազեկել, որ Սարդարապատում իքս ժամի տեղի է ունենալու պետական արարողակարգային միջոցառում, եւ քաղաքացիների մուտքը հուշահամալիր փակ է լինելու։ Ըստ այդմ` ոչ մեկը տեղեկացված չէր, որ կեսօրից հետո Նիկոլ Փաշինյանի խելքին փչելու է՝ այնուամենայնիվ գնալ Սարդարապատ, եւ դա սպոնտան որոշում է եղել, որի մասին տեղյակ չեն եղել անգամ բարձրաստիճան պաշտոնյաները:
Վեհափառ հայրապետը` հոգեւոր դասի հետ, Սարդարապատ է հասել ավելի վաղ, քան Փաշինյանը եւ նրա արարողակարգի աշխատակիցներն այնտեղ կլինեին։ Տեսանյութերում շատ հստակ երեւում է, որ հուշահամալիրում որեւէ իշխանավոր չկա, իսկ Վեհափառի՝ այդ պահին այնտեղ հայտնվելն ուղղակի զուգադիպություն է` պետական ապարատի փնթիությամբ, Նիկոլ Փաշինյանի վախերով եւ երկրում ստեղծված անորոշ վիճակով պայմանավորված։
Մեր տեղեկություններով՝ Սարդարապատի ճանապարհին, իմանալով, որ Վեհափառը նույնպես այնտեղ է, Նիկոլ Փաշինյանն ուղիղ հրահանգել է Պետական պահպանության ծառայության պետ Արմեն Գասպարյանին՝ չթողնել կաթողիկոսին մուտք գործել Սարդարապատ։ Դրա մասին երեկ խոստովանեց անգամ Փաշինյանը՝ հիմնավորելով, թե «ոստիկանությունը փորձել է ճշտել՝ Վեհափառը եկել է իր կողմից ղեկավարվող շարժման սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ ոչ»։ ՊՊԾ-ն, որ իր կանոնադրության համաձայն կարող է հրահանգներ տալ նաեւ ոստիկանությանը, անցել է գործի։ Տեսանյութերում երեւում են ոստիկաններին հրաման տվող՝ քաղաքացիական հագուստով ՊՊԾ աշխատողները, ում հրահանգներին է ենթարկվում անգամ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ սուտ է ասում, թե. «Պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը եւ նաեւ երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել»։ Բանն այն է, որ Բագրատ սրբազանը Սարդարապատ մեկնելուց առաջ հայտարարել էր․ «Շարասյունով մեկնելու ենք։ Գիշերելու ենք Սարդարապատում, շատ հետաքրքիր ծրագիր կլինի այնտեղ, կհիշենք մեր հերոսներին, մեր հերոսների գիշերվա մարտերը, վճռական ժամերն ու օրերը, որոնք անցկացրել են այդ դաշտում»։
Վեհափառի հասցեին ուղղված հայտարարությունից հետո Փաշինյանին արձագանքեց Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը, որ այդ օրը կաթողիկոսի հետ Սարդարապատում էր։ Նա անպարկեշտ ու անհեթեթ է որակել Փաշինյանի հիմնավորումները, ոչ վայել պետական բարձրագույն գործչին: «Սարդարապատի հուշակոթողի առջեւ պետական նենգամիտ սադրանքով տեղի ունեցած անպատկառության ու խայտառակության առնչությամբ ՀՀ վարչապետի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ, երբեք ոչ վայել պետական բարձրագույն գործչին: Թող քաջ գիտակցեն ամենքը, որ որեւէ մեկը՝ շարքային ուժայինից մինչեւ պետության վերին իշխանավոր, իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց Հայրապետի շարժն ու այցը. հայ իրականության մեջ միշտ բաց պետք է լինեն բոլոր վայրերն ու դռները Հայոց Հայրապետի առջեւ, եւ այդ ամենը խնամքով ու պատկառանքով պետք է ապահովեն ու իրագործեն հենց պետական գործիչներն ու ծառայողները: Քանի որ մեր Հայրենի երկրում մեր Սբ Եկեղեցին մարմնավորում է պետության խիղճը, Սբ Եկեղեցին է բարոյական ըմբռնումների եւ հոգեւոր բարձրագույն արժեքների կրողն ու քարոզիչը, իսկ Ամենայն Հայոց Հայրապետն էլ անձնավորում է բովանդակ Հայոց Եկեղեցին»,- գրել էր հայր Ասողիկը։