Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի գործողությունները։ Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը կվերանայի իր գործելաոճն ու կբացառի նման դեպքերի կրկնությունը։
«Խոր ցավով և մտահոգությամբ տեղեկացանք երեկ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 106-ամյակի հիշատակության օրը, Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի և խիստ դատապարտելի իրողության մասին:
Սարդարապատի հերոսամարտի ժամանակ հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերին զինվորների, հրամանատարների, գյուղացիների, շինականների և մտավորականների կողքին մեկ ձեռքով խաչ, մյուս ձեռքով զենք բռնած մարտնչում էին նաև հոգևորականները: Բախտորոշ այդ օրերին զինվորական ղեկավարությունը պահանջում էր Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ Սուրենյանց Կաթողիկոսին փոխադրել ավելի ապահով վայր, իսկ Արամ Մանուկյանը առաջարկում էր ապահովության համար թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և պատսպարվել Սևանում: Նրանք ամեն կերպ ջանում էին ապահովել Հայոց Հայրապետի անվտանգությունը, պաշտպանել թշնամու հնարավոր հարձակումից:
Այսօր, 106 տարի անց, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ոչ միայն չի ապահովում Ամենայն Հայոց Հայրապետի անվտանգությունը, այլև տարապայման, քստմնելի վերաբերմունքի դրսևորմամբ, մի քանի անգամ պատնեշ կազմելով, քաշկռտելով ՝ փորձ է անում կանգնեցնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի և նրան ուղեկցող հոգևորականության ընթացքը դեպի Սարդարապատի հուշահամալիր:
Հանուն Սրբոց Հակոբյանց Զինվորյալ Միաբանության խստագույնս դատապարտում ենք ՀՀ ոստիկանության ամոթալի և անպատվաբեր վարմունքը Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ: Լիահույս ենք, որ ՀՀ ոստիկանությունը կվերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ՝ բացառելով նմանօրինակ միջադեպերի կրկնությունը:
Մեր զորակցությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրյալի օգնականությունը և մաղթելով «երկար օրեր Հայոց Հոր»:
Հայոց եկեղեցին մշտապես եղել է ու պիտի մնա հայի գոյության, հայ մշակույթի պահպանման, հայոց պետականության շենացման առհավատչյան, ուստի «ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ոչ էլ որևէ այլ դառը հարված…» չեն կարող խարխլել Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերը»: