ՀՀ ԶՈւ–ն սահմանված, նախորոշված հատվածներում կանգնած է և կատարում է առաջադրված խնդիրները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ այդպես էլ չպատասխանելով հարցին, թե արդյոք Տավուշում Ադրբեջանին հանձնված տարածքներից հայկական զորքերը հետ քաշվել են, թե ոչ։
«Մենք ամեն վայրում, յուրաքանչյուր օպերատիվ ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ ԶՈւ խնդիրների իրականացման համար։ Սահմանապահ զորքերն այդ հատվածում (Տավուշի Բաղանիս-Բերքաբեր հատվածում) իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,- ասաց Ասրյանը։
Նա շեշտեց՝ այնտեղ, որտեղ սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնում, դա ևս բանակի պատասխանատվության գոտում է, որտեղ բանակը պատրաստ է իրականացնել պաշտպանություն։
«Այո՛, սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրն իրականացնել»,- ասաց գլխավոր շտաբի պետը։