Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բավքից հնչում են հայտարարություններ, որ նոյեմբերին Բաքվում նախատեսված COP-29-ը հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար:
«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ: Ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն համաձայնություններ, ավելի ճիշտ այդ համաձայնությունները ձեռքբերված են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, հետո Սոչիում, Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դրանք վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Ես կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն օր առաջ այդ աշխատանքն ավարտելու:
Երբ տեսնենք, որ այդ աշխատանքն ավարտվեց, ամփոփվել է եւ մենք պետք է անցնենք արդեն ստորագրմանը, տեղը, ժամը որոշելը ուրիշ հարց է, որը լրացուցիչ կքննարկվի»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ հավելեց. «Ես կարող եմ ասել, որ մենք հիմա ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին, մնում է ստորագրելը»: