«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, թե որոնք են այն հավանական պատճառները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չի գնացել Սարդարապատ։
Նշենք, որ սովորաբար ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները Սարդարապատ են այցելում առավոտյան, բայց այսօր նրանք դեռևս հուշահամալիրում չեն։ ԶԼՄ–ները գրում են, որ Փաշինյանն այսօր չի գնալու Սարդարապատ։
«Առաջինը երևի այն է, որ նա այլևս որևէ կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Արդեն հռչակել է աբսուրդը` պատմական և իրական Հայաստան, երևի սա պատմական Հայաստանի մասն է։ Եվ երկրորդ` երևի դրսից թելադրել են, որ չգա Սարդարապատ»,– Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց սրբազանը։
Նա նշեց, որ ինքը դեռ 16-17 տարեկանից ամեն տարի այցելել է Սարդարապատ, ու այժմ էլ իրենք եկել են ուխտագնացության` սա սրբավայր է։
Լրագրողների հետ ճեպազրույցից հետո Բագրատ արքեպիսկոպոսը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում։ Ապա աղոթք հնչեց, և բոլորը միասին երգեցին ՀՀ օրհներգը։
Միքայել սրբազանն էլ անդրադարձավ այն հանգամանքին, որ Փաշինյանը չի ժամանել Սարդարապատ։
«Նա փախուստի մեջ է, բա ինչ անի։ Վախկոտը միշտ էլ խուսափում է, իսկ եթե վախկոտ չլիներ, ապա կգար, կհանդիպեր»,– ասաց Աջապահյանը։
Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել են Սարդարապատ, գիշերել հուշահամալիրի տարածքում` մայիսի 28-ին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։
Հիշեցնենք` Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը։