Եթե կառավարության ամառանոցների մոտ որեւէ պատճառով հնարավորություն չունենանք խոսելու, նախատեսել ենք ողջ ժամանակի համար, որքան պահանջված է, մեր գործողություններն իրականացնել: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Նաեւ ուզում եմ ասել, որ եթե մեր պահանջները չեն իրականանում, վաղը առավոտյան ժամը 8-ին անհնազանդության, բողոքի գործողություններով յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, պետք է ստիպենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ: Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության, բողոքի, ընդվզման, խաղաղ գործողություններով ստիպել ընդունելու ժողովրդի պահանջն ու իշխանությունը: Առավոտյան ժամը 8-ին ինձնից սկսած լինելու ենք հրապարակներում, եւ մեր այսպիսի բազմության առկայությամբ աշխատանքից ազատելու ենք բոլոր այն մարդկանց, որոնք սահմանափակել են, կեղեքել են մեր կյանքը»,-ասաց Սրբազանը:
Նրա ելույթից հետո երթ սկսվեց դեպի կառավարական ամառանոցներ: Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը: