ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Մայիսի 24–ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար»,– ասվում է փաստաթղթում։
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով և դիվանագիտական նոտաներով։