«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս, անդրադառնալով Կիրանցի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականների տրամադրման փաստին՝ արդարադատության նախարարությունը այսպիսի պարզաբանում էր տարածել. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»:
Այսպիսի մեկնաբանությունը մասնագետների շրջանում, շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տվել: Շատ փորձագետներ նշում են, որ նման կերպ իշխանությունները կարող են «արդարացնել» իրենց կողմից հետագայում Հայաստանի այլ տարածքների զիջումը Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ նշել է, որ Հայաստանի 29800 քկմ (հետագայում՝ արդեն 29743 քկմ) տարածքի մեջ «չեն մտնում Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը», ստացվում է, որ, ի մասնավորի, Տիգրանաշենի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականները ևս տրվել են «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»: Այսինքն, փաշինյանական «սահմանազատման» հաջորդ փուլում տիգրանաշենցիներին կարող են ասել, որ ձեր վկայականները վավեր չեն, պետք է դուրս գաք ձեր տներից:
Երեկ «Փաստը» փորձեց ճշտել Տիգրանաշեն համայնքի ղեկավարից՝ իրենց բնակավայրի տների կադաստրային վկայականները ճշգրի՞տ տվյալների հիման վրա են տրվել, թե՞ արդարադատության նախարարության պարզաբանումը տարածվում է նաև տիգրանաշենցիների վրա: Եվ երկրորդ՝ ցանկանում էինք ճշտել՝ ճի՞շտ են մեզ հասած տեղեկությունները, որ վերջին շրջանում Տիգրանաշենում անհնար է անշարժ գույքի առքուվաճառք իրականացնել: Ցավոք, համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում