Search
Close this search box.

1976թ․ քարտեզի օգտագործումն կապիտուլյացիան որպես փոխզիջում ներկայացնելու դավադիր միջոց է․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

1976 թվականի քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան որպես փոխզիջում ներկայացնելու դավադիր միջոց է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

«Անդրադառնալով Տավուշում տարվող այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր:

Նույնն է իրողությունը նաև Ջողազի ջրամաբարի պարագայում, որը նախագծվել ու կառուցվել է Հայաստանի բյուջեով: Այս ամենը վավերացված է ԽՍՀՄ կառավարության կողմից հրատարակված 1988թ. տոպոգրաֆիկ քարտեզով, որը հաստատվել էր Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների արձանագրությամբ, հանձնվել էր Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահություններին:

Ընդ որում, 1988-ին ավարտված գործընթացը, որը հիմնված էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների վրա, այն ժամանակվա գործող օրենսդրության համաձայն ենթակա չէր խորհրդարանների (Գերագույն խորհուրդների) կողմից վավերացմանը: Փաստորեն, այսօր այս այսպես կոչված սահմանագծմամբ ու սահմանազատմամբ Ադրբեջանը մխրճվում է Հայաստանի մեջ, Հայաստանի տարածք:

Կրկնում ենք՝ Կիրանցն Ադրբեջանին սահմանակից բնակավայր չի եղել, եղել է Հայաստանի կազմում Ադրբեջանին սահմանամերձ բնակավայր: Նույնն է և Ոսկեպարի պարագայում: Այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման այս գործընթացով Հայաստանի հողերն անօրինական կերպով փաստացի նվիրաբերվում են Ադրբեջանին:

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզի վկայակոչմանը, այն խաբեություն է, քանի որ Գլխավոր շտաբի քարտեզները չեն հանդիսանում հանրապետությունների վարչատարածքային բաժանման, հետևաբար սահմանագծման, սահմանազատման հիմք: Այս քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան հայկական աշխարհին որպես փոխզիջում ներկայացնելու դավադիր միջոց է:

Պահանջեք իշխանությունների կողմից վկայակոչվող 1976 թվականի տոպոգրաֆիկ քարտեզն ու դրա իրավական փաստումը: Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները»,- նշվում է հայտարարության մեջ։

Please enter a valid URL