Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիտարկմանը, որ գուցե վախենո՞ւմ են նախկինների վերադարձից, երրորդ նախագահն ասաց․ «Վախենում են թող խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, գնան սառը ջուր խմեն։ Մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։ Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը»։
Հարցին՝ հավանակա՞ն է Նիկոլ Փաշինյանին փողոցային պայքարով հեռացնելը՝ 2018-ի կիրառված տեխնոլոգիաներով, Սերժ Սարգսյանն ասաց․ «Չեմ կարծում, որ մենք նույնիսկ ի վիճակի ենք այդ տեխնոլոգիաները կրկնօրինակել, որովհետև ոչ նախկին շարժումների, ոչ այսօրվա շարժումների հետևում ես չեմ տեսնում ուժեր, ովքեր վարպետորեն տիրապետում են այդ տեխնոլոգիաներին»։
Հարցին՝ իշխանափոխության հեռանկարի դեպքում արդյո՞ք հնարավոր է հետ շրջել Տավուշի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, երրորդ նախագահն ասաց․ «Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է։ Մենք կողմ ենք, որպեսզի սահմանազատումն ու սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ»։
Հարցին՝ Ալմա Աթայի սկզբունքը պետք է մնա՞, թե՞ ոչ, Սերժ Սարգսյանն ասաց․ «Ալմա Աթայի սկզբունքը մեր այսօրվա խոսույթում ես նմանեցնում են մի հատ Մյունխենյան սկզբունքին, որովհետև այդպիսի սկզբունք որևիցե տեղ գոյություն չուներ։ Այո, եղել է Ալմա Աթայի հայտարարություն, արձանագրության ստորագրություն, բայց այնտեղ ի՞նչ սկզբունքներ են։ Այնտեղ եղել է ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարություն, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988 թվականին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով։ Այդ քարտեզը վստահաբար կա, բայց չգիտես՝ ինչու չեն տրամադրում»։