Search
Close this search box.

Բաքուն եւ Mossad-ը որքանո՞վ են առնչակից Իրանի նախագահի հնարավոր մահվանը 

Արդեն հինգ ժամից ավելի է Մերձավոր Արեւելքում արտակարգ իրադրություն է։ Տարածաշրջանի միջազգային լրատվամիջոցները դադարեցրել են ընթացիկ հաղորդումների հեռարձակումը եւ breaking news ռեժիմում ուղիղ եթերում հետեւում են Իրանում ծավալվող իրադարձություններին։ Շուրջ հինգ ժամ առաջ վթարի է ենթարկվել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ինքնաթիռը։ Վթարը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում, հայկական պատմական Ջուղային մոտակա մի պղնձի հանքավայրի եւ նույնանուն բնակավայրի տարածքում, որը կոչվում է Սունգուն։ Դա լեռնային, հանքավայրային տեղանք է եւ մոտ 100 կմ հեռու է հյուսիսային Իրանի ամենախոշոր քաղաքից՝ Թավրիզից։ 

Իրանի փոխնախագահը եւ այլ պաշտոնատար անձինք ուղեւորվել են Թավրիզ։ Իրանյան Կարմիր մահիկի ընկերության 40 փրկարարական ջոկատներ էին ուղարկվել տարածք։ Վերջին երեւի մեկ ժամում Թեհրանից եղավ հաղորդում, թե փրկարարական ջոկատներից մեկին կարծես հաջողվում է մոտենալ վթարի վայրին։ Եթե իրոք այդպես է, ապա ակնկալվող առաջին լուրը իհարկե Իրանի նախագահի ողջության կամ մահվան հաստատումն է փրկարարների կողմից։ Ցանկալի է հավատալ նախագահ Ռայիսիի ողջության հնարավորությանը, սակայն դրա նախադրյալներ գրեթե գործնականում չկան։ Հինգ ժամ շարունակ չկա որեւէ կապ կամ ազդանշան վթարի ենթարկված ուղղաթիռից, անձնակազմից ուղեւորներից։ Իսկ ուղեւորների թվում եղել են ոչ միայն Իրանի նախագահը, այլեւ ԱԳ նախարարը, նահանգային ղեկավարը եւ այլն։ Վերջին անգամ ուղղաթիռի հետ ազդանշանային կապ եղել է մինչեւ Սունգունի հանքավայրին մոտենալը։ Հանքավայրի օդային տարածքում մեկը ուղղաթիռից ըստ հաղորդումների կարծես փորձել է հեռախոսային կապ հաստատել մի մզկիթի աղոթարարների հետ, կապը եղել է անհասկանալի, անհարթ, ընդհատումներով եւ դրանից հետո հաստատվել է լռություն արդեն ավելի քան հինգ ժամ։ 

Այն վարկածը որ սկզբում շրջանառվել է, թե վատ եղանակային պայմանների պատճառով նախագահ Ռայիսիի ուղղաթիռը հարկադրված կոշտ վայրէջք է կատարել, արդեն հերքված է։ Խոսքը չկա վայրէջքի մասին, տեղի ունեցածը վթար է, ընդ որում այնպիսի ողբերգական ելքով, որ հինգ-վեց ժամ շարունակ որեւէ կապ հաստատել ուղղաթիռի, անձնակազմի ուղեւորների հետ չի հաջողվում։ Իսկ դա հատուկ կապի միջոցներով սարքավորված ինքնաթիռ է, քանի որ նախագահի է սպասարկում, վթարից հետո այդ հատուկ միջոցներն էլ գոյություն չունեն, չեն գործում։ Վատ եղանակային պայմանների մասին հաղորդումն էլ որպես վթարի պատճառ կարելի է հերքված կամ ոչ հավատարժան համարել, քանի որ նախագահ Ռայիսին եւ ուղեկցող պաշտոնական պատվիրակությունը թռչել են երեք ուղղաթիռներով միաժամանակ համատեղ թռիչքով։ Երկու ուղղաթիռները առանց մի խնդրի հասել եւ վայրէջք են կատարել Թավրիզում։ Հետեւաբար, չէր կարող եղանակային պայմանները երկու ուղղաթիռի համար որեւէ խնդիր չստեղծել, երրորդին վթարի հասցնել։ 

Վերջին կես ժամում հաղորդվեց, որ Իրանի զինված ուժերն են արդեն ներգրավվում որոնողական աշխատանքներում։ Առաջիկա ժամերին անշուշտ ամենքը սպասում են այդ աշխատանքների արդյունքին՝ նախագահ Իբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Աբդոլահիանի եւ այլոց հայտնաբերմանը՝ ողջ կամ մահացած։ Դրանից հետո արդեն վթարի ենթարկված պաշտոնատար անձանց իրավասությունների ստանձնման հարցերը պետք է կարգավորվեն ըստ Իրանի սահմանադրության, որից հետո ողջ հասակով կծառանա գլխավոր հարցը՝  ի՞նչ է կատարվել։ 

Հաշվի առնելով այն, որ նախագահ Ռայիսին եւ ուղեկցող պաշտոնյաները Թավրիզ էին վերադառնում Արաքս գետին ափին Խոդաֆերինի կամուրջի մոտ կառուցված ջրամբարի բացման արարողությունից, որի կապակցությամբ իրանական պատվիրակությունը եղել էր Ադրբեջանի տարածքում, արդեն նկատի է առնված եւ միջազգային լրատվադաշտում բարձաձայնվել է վարկածը, որ վթարի պատճառը կարող է լինել ահաբեկչությունը։ Խոդաֆերինի ջրամբարը կառուցվել է 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողոության տակ անցած Արցախի տարաքծներում, որտեղ այժմ տեղակայված են Իսրայելի հետախուզական ծառայության՝ Mossad-ի տեխնիկա եւ ուժեր։ Այդտեղից էլ ծնվել է եւ շրջանառվում է վարկածը, որ վթարի պատճառը կարող է լինել Ադրբեջանի տարածքից Mossad-ի իրականացրած ահաբեկչությունը՝ բարձր տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ։ Եթե Բաքվի եւ Mossad-ի անունները հաստատապես կապվեն Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետ, առաջիկա օրերին կերեւա, ապա դրա հետեւանքները Բաքվի համար կլինեն ճակատագրական եւ անդառնալի։ 
 

Please enter a valid URL